ԱՄՆ-ում հրապարակել են ռուսական տանկերի լուսանկար Ուկրաինայի սահմանին

Ամերիկյան Politico հրատարակչությունը հրապարակել է արբանյակային լուսանկարներ, որոնք, ըստ նրա, ցույց են տալիս ռուս զինվորականների տեղակայումը «Ուկրաինայի սահմանին»՝ Սմոլենսկի մարզում, որը Ուկրաինային սահմանակից  չէ։ Գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Երկուշաբթի օրը արված նոր կոմերցիոն արբանյակային լուսանկարները հաստատում են վերջին տեղեկություններն այն մասին, որ Ռուսաստանը կրկին զանգվածաբար զորքեր և տեխնիկա է տեղակայում Ուկրաինայի հետ սահմանին»,- գրում է թերթը։

Հաղորդագրության մեջ միևնույն ժամանակ ասվում է, որ նոր պատկերները ցույց են տալիս զրահատեխնիկայի, հրետանու և հետևակի կուտակումներ Ելնյա շրջանում՝ Սմոլենսկի մարզ, որը սահմանակից է միայն Բելառուսին և Ուկրաինայից բաժանված է Ռուսաստանի մեկ այլ շրջանով՝ Բրյանսկի մարզով։

Ըստ թերթի՝ զորամիավոըումները, ներառյալ 1-ին գվարդիական տանկային էլիտար բանակը, սկսել են տեղաշարժվել սեպտեմբերի վերջին Ռուսաստանի այլ շրջաններից, որտեղ սովորաբար տեղակայված են։

Բրիտանական Jane’s ռազմական հրատարակչության վերլուծության համաձայն, որին հղում է անում պորտալը, 4-րդ տանկային դիվիզիայի տեխնիկան տեղափոխվել է Բրյանսկի և Կուրսկի շրջակա տարածքներ։

Ավելի վաղ Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբին հայտարարել էր, որ ԱՄՆ-ը վերահսկում է իրավիճակը Ռուսաստանի և Ուկրաինայի սահմանին՝ Ռուսաստանի Դաշնության «անսովոր ակտիվության» մասին հաղորդագրություններով պայմանավորված։

Կիևը և արևմտյան երկրները վերջերս մտահոգություն են հայտնել Ուկրաինայի սահմանների մոտ Ռուսաստանի կողմից «ագրեսիվ գործողությունների» ենթադրյալ ակտիվացման կապակցությամբ։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը զորքերը տեղափոխում է իր տարածքում՝  իր հայեցողությամբ։ Նրա խոսքով՝ սա ոչ մեկին չի սպառնում և չպետք է անհանգստացնի որևէ մեկին։