Ինչպես է պատահում, որ մինչ 2018 թ․ Հայաստանը, չունենալով սուպեր հովանավոր, կարողանում էր բոլոր միջազգային հարթակներում լսելի դարձնել Ալիևի վնգստոցը

Երեկ Փաշինյանն ուղղակի ակնարկեց՝ վերջակետը դնելու որոշումը կայացված է

«Հիմա մենք ինչքան նեղվում ենք և շատ ծանր ենք տանում, որ ինչ-որ տեղ, ինչ-որ մարդիկ օգտագործում են «Արևմտյան Ադրբեջան» տերմինը, չէ՞։ Բա մենք որ ասում ենք «Արևմտյան Հայաստան», չենք մտածո՞ւմ, որ ինչ-որ մարդկանց դա գրգռում է: Ոնց որ մենք ասում ենք՝ «արևմտյան Ադրբեջանը» մեզ է գրգռում, այնպես էլ Արևմտյան Հայաստանը ուրիշներին է գրգռում»։ Նման աղմկահարույց հայտարարությամբ հանդես եկավ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ՝ անդրադառնալով Անկախության հռչակագրին և այն ներկայացնելով որպես մեր ներքին ըմբռնմանը, մեր սոցիալ հոգեբանությանն առնչվող խնդիր։

Հայոց պատմության և հայ ինքնության հետ մարտնչող այս անձնավորությունը քաջ գիտակցելով իր խոսքերի բուն էությունը, այն է՝ պետական դավաճանություն, շտապեց արդարացնել իրեն, թե բա հասկանում է, – «Հիմա էլի ասելու են՝ ա՜, հերթական դավաճանությունն է, ստոր տականքություն է, բայց ես այսօր գտնվում եմ մի կարգավիճակում և մի պատասխանատվության մեջ, որ ես պարտավոր եմ մեր ժողովրդի հետ խոսել և ցույց տալ պատճառահետևանքային կապերը, շղթաները: Եթե ես դա չանեմ, դա ես գիտակցաբար մեր երկիրը տանում եմ դեպի պետականության կորուստ, ես չեմ կարող դա թույլ տալ»:

Այս ամենը տեղավորվում է Փաշինյանի և իր սիրելի տիկնոջ մի շարք այլ հայտարարությունների տրամաբանության մեջ․ «Ես բանակցությունները սկսել եմ ոչ թե Սերժ Սարգսյանի կետից, այլ իմ սեփական» (8 ապրիլ 2019),

 «Արցախը Հայաստան է, և վերջ» (5 օգոստոս 2019), «Եկեք պայմանավորվենք մի բան՝ ինչ էլ լինի՝ մենք մեզ երբեք պարտված չենք ճանաչի» (27 սեպտեմբեր 2020թ), «Հայաստանը պատրաստ է ճանաչել Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս» (22 մայիս 2023), «Արցախի հարցը չի լուծվելու հայկական փաստարկով, դա ինքնախաբեություն է» (13 սեպտեմբեր 2023) , «Մեր ժողովրդին պարտադրել ենք ապրել «պատմական ցիկլի» մեջ, որի համար պետք է ներողություն խնդրենք, ու ես խնդրում եմ իմ բաժին ներողությունը» (16 սեպտեմբեր 2024), «Դուք հիմա ուզում եք, որ մենք հիմա վերցնենք ու այդ թոկը (խոսքը Արցախի մասին է) փաթեթենք ՀՀ վզին (02 հոկտեմբեր 2024), Անկախության հռչակագրի բովանդակությունն այն մասին է, որ Հայաստանի Հանրապետություն չի կարող գոյություն ունենալ (14 նոյեմբեր 2024)․․․։

Ցանկը անհամեմատ երկար է, բայց, կարծում եմ, այսքանն էլ բավարար է՝ սթափ բանականությամբ մարդուն հասկանալու համար, թե ինչ ծրագիր է իրականացնում այս մտքերը գեներացնող անձնավորությունը։

Ինչևէ, այսքանով էլ երեկ Հանրայինի եթերում չբավարարվեց Փաշինյանն և շարունակեց իրեն հատուկ ոճով արդարանալ կեղծ ու մանիպուլյացիոն թեզերով, թե բա ինքը մեղք չունի, միջավայրն է այնպիսին, որ մենք ունակ չենք դիմանալ այս պայմաններում, և միակ ելքը, իհարկե, հովանավոր գտնելն է, ուրիշ տարբերակ չկա։ «Սուպեր հովանավոր ունենալ, որի բռունցքը ավելի մեծ է, և ինքը իբր մեր թիկունքին կանգնում է, և ինքն է մեր տեղը այսպես անում բոլորին։ Հիմա այստեղ գալիս է երկրորդ իրականությունը։ Կամ ինքը այնքան բռունցքը կթափահարի, այն մյուսները կվախենան, կգնան իր հետ կպայմանավորվեն, ոնց անեն, որ ինքը այդ բռունցքը չթափահարի: Եթե շարունակի թափահարել, այդ բռունցքը ինչքան նրանց ուղղությամբ է թափահարվում, այնքան էլ մեր ուղղությամբ է թափահարվում, որովհետև մեզ էլ ասում է՝ տես, հա, քեզ խելոք չպահես, այս բռունցքս հետ կքաշեմ ու քեզ հետ տեղի կունենա այն, ինչ-որ տեղի կունենա, ինչը և տեղի ունեցավ»,-ասաց նա՝ փաստացի խոստովանելով իր վախերը, թե ինչու է այսօր Հայաստանը հրաժարվում ինչպես ռուսական հարթակից, այնպես էլ արևմտյան, 3+3 և ցանկացած այլ միջնորդավորված բանակցություններից և գնում թուրք-ադրբեջանական տանդեմին ուղիղ հանձնվելու ճանապարհով՝ չբացառելով, որ եթե ՍԴ-ն որոշի, որ խաղաղության պայմանագիրը հակասում է ՀՀ Սահմանադրությանը, կկատարեն նաև Ալիևի այդ պահանջը՝ կփոխեն ՀՀ Սահմանադրությունը։

Հարց է ծագում՝ ինչպե՞ս է պատահում, որ մինչ 2018 թ․ Հայաստանը, չունենալով սուպեր հովանավոր, կարողանում էր բոլոր միջազգային հարթակներում լսելի դարձնել Ալիևի վնգստոցը, թե բա՝ միջազգային հանրությունը իրեն ստիպում է ճանաչել Արցախի անկախությունը, որից հետո Փաշինյանը սկսեց իր սեփական կետից, ոչ մեկը չէր սպառնում հայաստանյան իշխանություններին, որ բռունցքը հետ կքաշի, կամ մեզ հետ կլինի այն, ինչ կլինի, այլ կար հստակ համագործակցություն բոլոր շահագրգիր պետությունների հետ, ինչպես նաև ռազմավարական և բարեկամական դաշնակցություն Փաշինյանի ակնարկած պետությունների հետ, ինչի արդյունքում Հայաստանը 2-րդ պետությունն էր, ՌԴ-ից հետո, որը ձեռք բերեց «Իսկանդեր» և այլ ժամանակից զինատեսակներ։ Ինչպե՞ս պատահեց, որ ՀՀ 3-րդ նախագահն իր բազմավեկտոր քաղաքականության շնորհիվ կարողացավ ամրապնդել Հայաստանի դիրքերը միջազգային ասպարեզում, ապահովել Հայաստանի ճկունությունը կոմպլեմենտար քաղաքականության շնորհիվ, ինչի արդյունքում ինչպես ամրապնդվում էր ՀՀ անվտանգությունը, այնպես էլ ապահովում էր սոցիալ-տնտեսական տարածքի ընդլայնում։ Եվ այս պարագայում ոչ մեկը վերջնագրերով կամ սպառնալիքների լեզվով չէր խոսում ՀՀ-ի հետ, նույնիսկ Ադրբեջանը, քանզի 2016-ի քառօրյա պատերազմում Ալիևը հերթական անգամ հասկացավ, որ իրեն վերապահված է միայն պարտվողի դերը։

Այս առնչությամբ ֆեյսբուքյան իր էջում ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը իրավացիորեն հիշեցրել է 2018 ապրիլի 17-ին ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի՝ ԱԺ-ում հնչեցրած ելույթը․ «…մեր ընդհանուր քաղաքականության գաղափարախոսությունը հետևյալն է՝ շահել միշտ համագործակցության շնորհիվ, երբեք չփորձել շահել ուրիշների կոնֆլիկտի հաշվին, որովհետև դա անհեռանկար, անհեռատես քաղաքականություն է: Եվ իրականության մեջ մենք տեսել ենք, և ունենք մեր տարածաշրջանում օրինակներ, թե ինչի՞ կարող է բերել այն քաղականությունը, որ հակառակն է վարվում, այսինքն՝ փորձել շահել ինչ-որ հակասությունների պայմաններում, դա մեզ համար ձեռնտու չէ»:

Ահա հակիրճ այն իրականությունը, որի պատճառով այսօր պետությունը գնում է դեպի մայրամուտ, և պետության վերջակետը դնող անձը փոխանակ խոստովանի, որ այս ամենը իր ապաշնորհ, անգրագետ քաղաքականության հետևանքն է, շարունակում է մեղադրել բոլորին և պահանջել բոլորից հայրենազոհություն և ինքնազոհողություն հանուն իր՝ Փաշինյանի, հետույքը աթոռին պահելու։ Եվ երբ Փաշինյանն իր պետականակործան հայտարարություններից հետո ասում է՝ «․․․ես պարտավոր եմ մեր ժողովրդի հետ խոսել և ցույց տալ պատճառահետևանքային կապերը, շղթաները։ Եթե ես դա չանեմ, դա ես գիտակցաբար մեր երկիրը տանում եմ դեպի պետականության կորուստ, ես չեմ կարող դա թույլ տալ», նա հերթական անգամ կարգում է նոր մեղավորներ, և այս անգամ մեղավորը հենց իրեն ընտրած հասարակությունն է։

Փաշինյանը գնում է ընտրության, բայց ոչ թե ՀՀ Ազգային ժողովի,  այլ ՀՀ պետության վերջակետը դնելու, և երեկ նա ուղղակի ակնարկեց՝ վերջակետը դնելու որոշումը կայացված է։

Ժաննա Ծառուկյան