«Մենք չենք քննարկել այդ մանրուքը». Ալեն Սիմոնյանը՝ ՀՀ տարածքից Ադրբեջանի զորքերի դուրս գալու մասին (տեսանյութ)
Եթե այնպես է ստացվում, որ Ադրբեջանը չի վավերացնում կանոնակարգը, չի անում այդ գործընթացը, մեր արած գործընթացը որևէ իրավական ուժ չի ստանում: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 22-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ հավելելով, որ իրականում ինքը այդպիսի մտավախություն չունի, որ Բաքուն կարող է չվավերացնել:
«Վերջիվերջո մենք բոլոր կետերը համաձայնեցրել ենք, այնպես չէ, որ մենք նստեցինք, որոշեցինք ինչ-որ փաստաթուղթ վավերացնենք, տեսնենք Սահմանադրությանը համապատասխանո՞ւմ է, թե՝ չէ և բերել ԱԺ: Այսինքն մենք իրենց հետ քննարկել ենք: Իրավական առումով որևիցե ռիսկ իր մեջ չի պարունակում, քանի որ օրինական ուժ չի ստանում, մինչև չփոխանակենք»,- ասաց Սիմոնյանը:
Հարցին՝ հավաստիացումներ եղե՞լ են, որ ՀՀ տարածքից ադրբեջանական ԶՈւ-երը դուրս են գալու, նա պատասխանեց. «Մենք չենք քննարկել այդ մանրուքը, մենք քննարկել ենք, որ սկզբունքներ ենք սահմանում, որի հետևանքով իրենք էլ պետք է դուրս գան, մենք էլ պետք է դուրս գանք այն վայրերից, որտեղ մենք ենք առաջ»:
Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ այս պահին ինչ քննարկում են Ադրբեջանի հետ, դա վերջնական փաստաթուղթ է, որը համաձայնեցված է նրանց հետ:
Հիշեցնենք, որ այսօր ԱԺ-ը քննարկում է Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների գործունեության կանոնակաևրգը վավերացնելու հարցը: Ընդդիմությունը չի մասնակցում։ Նախօրեին այն հավանություն է ստացել ԱԺ համապատասխան հանձնաժողովի կողմից, իսկ մինչ այդ ՍԴ-ն այն համարել էր Սահմանադրությանը չհակասող:
Ասուլիսն ամբողջությամբ ՝տեսանյութում

 
			
