Իսրայելում ցուցարարները փորձել են ներխուժել Նեթանյահուի նստավայր

Տասնյակ հազարավոր ցուցարարներ հունիսի 17-ի երեկոյան հավաքվել են Իսրայելի խորհրդարանի՝ Քնեսեթի առջև՝ կոչ անելով արտահերթ ընտրություններ անցկացնել և պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման հետ համաձայնության հասնել Գազայում պահվող պատանդների ազատ արձակման շուրջ։

The Times of Israel-ը հաղորդում է, որ իրավապահների հետ բախումների ժամանակ 3 մարդ վիրավորվել է։

Ավելի ուշ ցուցարարներից շատերը շարժվել են դեպի Արևելյան Երուսաղեմում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի նստավայր։ Նրանցից մի քանիսը փորձել են անցնել իրավապահների կանգնեցրած ցանկապատների վրայով և ներխուժել Նեթանյահուի նստավայր։ Ոստիկանության հաղորդմամբ՝ առնվազն 9 մարդ ձերբակալվել է։ Ցուցարարների դեմ կիրառվել է ջրցան մեքենա։

Ցույցի կազմակերպիչները ոստիկանությանը մեղադրել են ավելորդ ուժ կիրառելու մեջ։ Բախումների ընթացքում վիրավորված 3 անձինք հոսպիտալացվել են։

Նեթանյահուն բազմիցս ասել է, որ երկրում արտահերթ ընտրություններ չպետք է անցկացվեն, քանի դեռ Գազայի հատվածում պատերազմ է ընթացքում։ Իսրայելում հաջորդ համընդհանուր ընտրությունները պետք է կայանան 2026 թ․ հոկտեմբերին։