Մինսկը հանգիստ է գնահատում Փաշինյանի իմպուլսիվ հայտարարությունները. Բելառուս դիվանագետ

Բելառուսը հանգիստ է գնահատում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի «իմպուլսիվ հայտարարությունները» Մինսկի վերաբերյալ: Այս մասին հայտարարել է Ռուսաստանում Բելառուսի դեսպանատան նախարար-խորհրդական Ալեքսանդր Շպակովսկին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Մենք հանգիստ ենք գնահատում Նիկոլ Փաշինյանի իմպուլսիվ հայտարարությունները. Մենք շարունակում ենք հարգել եղբայրական հայ ժողովրդին, ում հետ Բելառուսը դարավոր պատմական կապեր ունի»,- գրել է նա Տելեգրամի իր ալիքում։

Շպակովսկին ընդգծել է, որ Բելառուսը «չի միջամտում Հայաստանի ներքաղաքական գործընթացներին, ինչպես նաև Երևանի արտաքին քաղաքականությանը»։ «Ելնելով փոխադարձության սկզբունքից՝ մենք ակնկալում ենք նմանատիպ մոտեցումներ մեր գործընկերներից և դաշնակիցներից, ուստի որոշ տարակուսանքով հետևում էինք Հայաստանի ղեկավարության ներկայացուցիչների շփումներին բելառուս քաղաքական ծայրահեղականների առաջնորդների հետ»,- նշել է դիվանագետը։

«Միևնույն ժամանակ, գործընկերների և դաշնակիցների ընտրությունը պաշտոնական Մինսկի ինքնիշխան խնդիրն է, և այս դեպքում մեզ համար անընդունելի է «կամ-կամ» մոտեցումը։ Մենք եղբայրական Ադրբեջանի հետ շփվել ենք և կշարունակենք համագործակցել բոլոր ոլորտներում, այդ թվում՝ ռազմատեխնիկական»,- ընդգծել է Շպակովսկին։