Իսրայելի ռազմաօդային ուժերը և «Հեզբոլլահ»-ը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց դիրքերին

Գիշերը Սիրիայից Լիբանան մտնող բեռնատարների շարասյանը հասցված հարվածների հետևանքով 5 մարդ է զոհվել, այդ թվում՝ 3 սիրիացի, որոնք աշխատում էին «Հեզբոլլահ»-ի հետ։ Al Hadath պարբերականը գրում է, որ հարվածները հասցրել են Իսրայելի զինված ուժերը։

Մարդու իրավունքների սիրիական դիտարան իրավապաշտպան կազմակերպությունը հայտնել է, որ իսրայելական ուժերը թիրախավորել են բեռնատարները Քուսեյրի շրջանում։ Բացի 5 զոհերից, կան նաև 5 վիրավոր, 2 անհետ կորած։

Al Hadath-ը նաև հայտնում է, որ ըստ ռազմական աղբյուրներից մեկի՝  Իսրայելի ռազմաօդային ուժերն 9 հրթիռ են արձակել Լիբանանի հյուսիս-արևելքի Հերմելի շրջանում գտնվող նավթամբարների վրա, որի հետևանքով զոհվել է «Հեզբոլլահ»-ի առնվազն 3 մարտիկ։

Իր հերթին «Հեզբոլլահ»-ը հայտնել է, որ հակաօդային պաշտպանության համակարգերը կրակ են բացել Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռի վրա, որը ներխուժել է Լիբանանի օդային տարածք, և նրան ստիպել են հետ շրջվել դեպի սահմանը։

Հունիսի 10-ին «Հեզբոլլահ»-ը հայտնել էր, որ Լիբանանի հարավում խոցել է իսրայելական Hermes-900 հարվածային և հետախուզական անօդաչու թռչող սարք։