Վանաձոր-Ալավերդի ճանապարհը՝ Քոբայրի հատվածում քարաթափման պատճառով երկկողմանի փակվել է

Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի Թումանյանի վարչական տարածքում՝ Քոբայրի վանքի ճանապարհին քարաթափում է տեղի ունեցել, ինչի հետևանքով ճանապարհը փակվել է: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Հողազանգվածը թափվել և լցվել է նաև երկաթգծի վրա:Այս պահին իրականացվում են մաքրման աշխատանքներ՝ միանգամից մի քանի հատվածներում, քանի որ քարաթափումն ու փլուզումները տարբեր հատվածներում են եղել: Ըստ նախնական տեղեկությունների՝ քարաթափման հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան:

Կայքի տեղեկություններով, ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության և Ալավերդիի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները ժամանել ու արդեն ճանապարհը բացելու ուղղությամբ հատուկ տեխնիկաներով աշխատանքներ են կատարում: Դեպքի վայր է ժամանել նաև Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը, ում կարգադրությամբ մարզպետարանի աշխատակիցները նույնպես միացել են և օգնում են փրկարարներին ու ճանշինականներին՝ ճանապարհի վրայից հեռացնելով հողազանգվածը: