Ոստիկանները պետք է ենթարկվեն քրեական պատժի, այլ ոչ թե «թեման փակելու» համար 1-ին ազատեն աշխատանքից

Նախկին ՄԻՊ Արման Թաթոյանն անդրադարձել է ոստիկանության կողմից «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակցիների, ԱԺ պատգամավորների նկատմամբ բռնության դեպքերին․

«ՆԳՆ-ն հայտարարել է, թե այսօր «կարմիր բերետավորների» խմբի կողմից մարդու ծեծի ու նվաստացման ենթարկելու դեպքից հետո 1 ոստիկանի լիազորություններ դադարեցվել են ծառայողական քննության արդյունքում:

Ու՞…

Այս ոստիկանները պետք է ենթարկվեն քրեական պատժի, այլ ոչ թե «թեման փակելու» համար ընդամենը 1 ոստիկան ազատվի աշխատանքից: Դեռ մի հատ էլ անուն չեն նշել, որ ավելորդ խնդիր չունենան, թե կոնկրետ ով հարվածեց, ինչ հայհոյեց, բա մյուսների հա՞րցը և այլն:
Կից տեսանյութում կոնկրետացված երևում են մարդու նկատմամբ հանցանք կատարող ոստիկանները: Նրանց բոլորի արարքներին պետք է տրվի քրեաիրավական գնահատական, հարուցվի քրեական հետապնդում ու ապահովվեն մեղադրական դատական ակտի հիմքեր:

Ակնհայտ է, որ քաղաքական որոշում է կայացվել 1 ոստիկանի «զոհ տալով»` խուսափել քրեական հետապնդումից ու մյուսների քրեական պատասխանատվությունից:
Սա կոնկրետ հանցագործության քաղաքական հովանավորություն է, որն ավելի սանձարձակ է դարձնում «կարմիր բերետավորներին», «դամոկլյան սրի» ուժով նրանց կախված պահում քաղաքական իշխանությունից. այս կերպ է նաև ոստիկանը սկսում ծառայել ոչ թե պետությանը, այլ քաղաքական իշխանությանը:

Այսօրվա դեպքի հետ կապված մանրամասները մենք ուղարկելու ենք միջազգային գործընկերների` հարցը դնելով նրանց մշտադիտարկման ներքո»: