Բլինքենը հայտարարել է, որ ԱՄՆ-ն և ԵՄ-ն մտադիր են միջոցներ ձեռնարկել Վրաստանի դեմ՝ «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի պատճառով

Միացյալ Նահանգները և Եվրամիությունը ծրագրում են միջոցներ ձեռնարկել Վրաստանի դեմ՝ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի պատճառով, որը երկրում զանգվածային ցույցերի առիթ էր դարձել:  Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումների ժամանակ։

«Մենք շատ մտահոգված ենք ընդունված օտարերկրյա գործակալների մասին օրենքի առնչությամբ։ Կարծում եմ՝ դա ուղիղ Մոսկվայից է եկել, ցավոք…. Մենք շատ ուշադիր քննարկում ենք, թե ինչ կարող ենք անել ի պատասխան դրան, և ես ակնկալում եմ, որ մենք գործողություններ կձեռնարկենք», – ասել է նա:

Բլինքենի խոսքով՝ «ԵՄ-ն ուսումնասիրում է դրա ներգործությունը Վրաստանի անդամակցության գործընթացի վրա»։

«Կարծում եմ՝ այն (խմբ․՝ օրինագիծը), միանշանակ, դեմ է վրացիների ճնշող մեծամասնության ցանկությանը՝ շարժվելու ԵՄ-ի և Եվրամիությանն ինտեգրման ուղղությամբ», – հավելել է ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԵՄ-ում սպառնում են չեղարկել Վրաստանի հետ անայցագիր ռեժիմը «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի պատճառով։ Իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության գլխավոր քարտուղար, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն անընդունելի է համարել օրենքի ընդունման պատճառով ԵՄ-ի հետ անայցագիր ռեժիմի հնարավոր կասեցման գաղափարը։ Նա ընդգծել է, որ Վրաստանը պատրաստ է բարեկամության, համագործակցության և գործընկերության, առողջ հարաբերությունների։

Մայիսի 14-ին Վրաստանի խորհրդարանը երրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունել է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը, սակայն մայիսի 18-ին երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին վետո է դրել դրա վրա։

Օրենքով նախատեսվում է, որ հասարակական կազմակերպությունները և ԶԼՄ-ները, որոնք իրենց ֆինանսավորման 20 %-ից ավելին ստանում են արտերկրից, գրանցվեն որպես «օտարերկրյա ուժի շահերը հետապնդող» կազմակերպություններ։ Վրաստանի իշխանությունները հայտնում են, որ օրենքը կոչված է ապահովելու ՀԿ-ների ֆինանսավորման թափանցիկությունը։