Ավտոբուսների վարորդները դեռ գործադուլ են անում. նրանց չկարողացավ համոզել նույնիսկ Ավինյանը

«Երեւան ավտոբուս» ՓԲԸ-ի աշխատակիցների եւ  վարորդների բողոքի ակցիան շարունակվում է:

Հիշեցնենք, որ այսօր կեսօրից «Երեւան ավտոբուս» ՓԲԸ-ի աշխատակիցները եւ վարորդները բողոքի ակցիա են իրականացրել:

Վարորդները գործադուլ են արել եւ հայտարարել են, որ ունեն մեկ պահանջ, այն է` վերականգնել աշխատանքի գլխավոր ճարտարագետին` Անդրանիկ Մանուկյանին: նաեւ օրվա ընթացքում ստորագրահավաք է սկսվել նորանշանակ տնօրենին` Սամվել Նազարյանին աշխատանքից հեռացնելու պահանջով: Ըստ ակցիայի մասնակիցների գլխավոր ճարտարագետին անհիմն են ազատել: Ըստ վարոդների 15 տարի գլխավոր ճարտարագետ աշխատած Անդրանիկ Մանուկյանը շատ ջանք եւ ներդրում է ունեցել:

Օրվա ընթացքում վարորդներին եւ այլ աշխատակիցներին մոտեցավ Անդրանիկ Մանուկյանը եւ հորդորեց վերադառնալ աշխատանքի, քանի որ երթեւեկությունը կաթվածահար է, եւ ուղեւորները ժամերով սպասում են կանգառներում: Վարորդները մերժեցին`  հայտարարելով, որչ միայն նրա աշխատանքի վերականգնելուց հետո կվերսկսեն աշխատանքը:

Երեկոյան ակցիայի վայր եկավ Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, փոխքաղաքապետերը: Ավինյանը փոքր քննարկում ունեցավ նորանշանակ տնօրենի հետ, ապա մոտեցավ վարորդներին, սակայն նրանք հայտարարեցին, որ իրենց գլխավոր պահանջից չեն շեղվելու, այն է վերականգնել աշխատանքի գլխավոր ճարտարագետին:

Սակայն Ավինյանը հայտարարեց, որ Անդրանիկ Մանուկյանին աշխատանքի հետ չեն ընդունելու, քանի որ չարաշահումներ են եղել, ըստ Ավինյանի մոտ 4 միլիոն դրամի թերհավաքագրումներ են եղել, ինչին  ի պատասխան վարորդները ասացին, որ դա Մանուկյանի հետ կապ չունի: Նշենք, որ Անդրանիկ Մանուկյանին Տիգրան Ավինյանը առաջարկել է արձակուրդի գնալ, իսկթե կվերականգնվի արձակուրդից հետո, պարզ չէ: