Չինաստանը պետք է ընտրություն կատարի Ռուսաստանի և Արևմուտքի միջև. Պետդեպ

ԱՄՆ պետդեպարտամենտում կարծում են, որ Չինաստանը չի կարող աջակցել Ռուսաստանին, եթե ցանկանում է զարգացնել հարաբերություններն Արևմուտքի հետ, գրում է Newsweek պարբերականը՝ վկայակոչելով ԱՄՆ Պետդեպարտամենտի անանուն ներկայացուցչին՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Չինաստան կատարած այցի ֆոնին:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պետական այցով Չինաստան է այցելում մայիսի 16-17-ը, սա նրա առաջին արտասահմանյան այցն է վերընտրվելուց և պաշտոնը ստանձնելուց հետո: Այցը տեղի կունենա երկու փուլով. ծրագիրը մայիսի 16-ին նախատեսում է ռուս-չինական բանակցություններ և այլ միջոցառումներ Պեկինում, իսկ երկրորդ օրը ՌԴ նախագահը կլինի Հարբինում:

«Եթե Չինաստանը հայտարարում է, որ ցանկանում է լավ հարաբերություններ ունենալ Եվրոպայի և այլ երկրների հետ, նա չի կարող շարունակել կերակրել եվրոպական անվտանգության ամենամեծ սպառնալիքը», – ասել է պարբերականի զրուցակիցը՝ խոսելով Ռուսաստանի մասին:

Պարբերականի զրուցակցի խոսքով՝ սա ոչ միայն ԱՄՆ-ի, այլև ՆԱՏՕ-ի և «Մեծ յոթնյակի» դիրքորոշումն է: