Վազգեն Սաղաթելյանի ու Նարեկ Սամսոնյանի դատը հետաձգվել է դատավորի ինքնաբացարկի պատճառով

Այսօր Երևանի քրեական դատարանի «Աջափնյակ-1» նստավայրում «Իմնեմնիմի»-ի գործով նախնական դատալսումներն էին մեկնարկել, սակայն «Իմնեմնիմի» փոդքասթի հաղորդավարներ Վազգեն Սաղաթելյանի ու Նարեկ Սամսոնյանի դատը հետաձգվեց դատավորի ինքնաբացարկի պատճառով։

Դատավոր Տիգրան Ոսկանյանն ինքնաբացարկ հայտնեց, քանի որ նախկինում Նարեկ Սամսոնյանի վերաբերյալ քննել է գործ։

Նա նշեց, որ այդ քրեական գործի շրջանակներում իր կողմից տրվել է գնահատական և կայացվել է  դատավճիռ. «Ուստի նախագահող դատավորի անկողմնակալության, յուրաքանչյուր ողջամիտ կասկած բացառելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ սույն քրեական վարույթով որոշում եմ կայացրել հայտնել ինքնաբացարկ»։

Հիշեցնենք, որ Նարեկ Սամսոնյանը և Վազգեն Սաղաթելյանը ձերբակալվել են մարտի 22-ին և կալանավորվել են երկու ամիս ժամկետով՝ «Իմնեմնիմի» փոդքասթի 83-րդ թողարկման ընթացքում Նիկոլ Փաշինյանի հանձնողական քաղաքականության վերաբերյալ սուր գնահատականներ հնչեցնելու համար: