Տավուշի երեք գյուղերի դպրոցներում դասադուլ է (տեսանյութ)

Սահմանապահ Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս գյուղերի դպրոցները դասադուլ են անում։ Այս մասին տեղեկացնում է «Տավուշը հանուն հայրենիքի» քաղաքացիական շարժման ֆեյսբուքյան էջը։

Երեխաներն իրենց ծնողների հետ մասնակցում են անհնազանդության ակցիաներին։

Հիշեցնենք, որ Տավուշում իրավիճակը շարունակում է գերլարված մնալ։ Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Կիրանցի հատվածը շարունակում է փակ մնալ: Այսօր տավուշցիները փակել են նաև Կիրանցի կամուրջը, քանի որ, ըստ լուրերի, ականազերծման աշխատանքներն այսօր իրականացվելու են այդ հատվածում։

Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։ Սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը պետք է ավարտվի մինչև 2024 թ. մայիսի 15-ը:

ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարել է, որ Ադրբեջանն այս ամենի արդյունքում 2.5 գյուղ է ստանում, իսկ Հայաստանի Հանրապետությունը` անվտանգային ռիսկերի նվազեցում։ Կիրանց գյուղի հատվածում ճանապարհի մի քանի հարյուր մետրանոց հատվածի փոփոխություն կարվի, իսկ Ոսկեպարը ճանապարհի խնդիր չի ունենա։ Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը հետ կքաշվեն և իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին: