Երթ դեպի Ծիծեռնակաբերդ, զորակցություն Բաքվի բանտում ապօրինի պահվող հայ գերիներին

Բաքվի բանտում ապօրինի պահվող Ռուբեն Վարդանյանի ընկերների նախաձեռնությամբ  Հայոց ցեղասպանության տարելիցի օրը  բազմամարդ երթ են կազմակերպել դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, նրանք հարգանքի տուրք  մատուցելով միլիոնավոր անմեղ նահատակների հիշատակին, նաև իրենց զորակցությունը հայտնեցին հայ գերիներին և ապրիլի 5-ից բոլոր հայ բանտարկյալներին անհապաղ ազատ արձակելու պահանջով հացադուլ  հայտարարած Ռուբեն Վարդանյանին: Նրանք Ծիծեռնակաբերդ էին բարձրացել «Պահանջում ենք անհապաղ ազատ արձակել Բաքվի հայ գերիներին», «Չի կարող լինել Խաղաղության համաձայնագիր՝ առանց հայ գերիների ազատ արձակման», «Ո՛չ մի COP29 Ադրբեջանում՝ առանց հայ գերիների ազատ արձակման», «Գլոբալ լռություն, Գլոբալ ամոթ. Ո՛չ՝ ցեղասպանությանը» գրություններով պաստառներով և Բաքվի բանտում ապօրինի պահվող երկու տասնյակից ավելի հայ գերիների լուսանկարներով:

«Այսօր մենք ոգեկոչում ենք Ցեղասպանության նահատակների հիշատակը ու միաժամանակ  մեր այս ակցիայով փորձում ենք աշխարհի ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ Բաքվի բանտերում ունենք ապօրինի պահվող բանտարկյալներ, որոնցից մեկը՝  Ռուբեն Վարդանյանը շուրջ  20 օր գտնվում է հացադուլի մեջ: Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները պետք է արձագանքեն, գործի դնեն  ճնշման մեխանիզմներ, քանի որ ապօրինի ձերբակալված և ավտորիտար երկրում որպես պատանդ պահվող հայ գերիների հարցը նաև քաղաքակիրթ աշխարհի հարցն է: Գիտենք, որ ընտանիքն ու հարազատները  մտահոգված են նրա վիճակով և  պահանջում են, որ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն անհապաղ կերպով այցելի նրան: Այս քայլով մենք ևս միանում ենք այդ պահանջին ու նաև Ռուբեն Վարդանյանի՝ բոլոր հայ բանտարկյալներին անհապաղ ազատ արձակելու պահանջին»,-նշել է ակցիայի կազմակերպիչ Ռուբեն Հայրապետյանը:

Երթի մասնակիցների պաստառներից մեկին էլ Բաքվի բանտից Ռուբեն Վարդանյանի՝ ընտանիքի միջոցով փոխանցած ուղերձն էր՝ «Արժեքներն ու սկզբունքներն առավել կարևոր են, քան նույնիսկ կյանքը»: