Հիշենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերը և վերահաստատենք այն երբեք չմոռանալու մեր խոստումը․ ԱՄՆ նախագահ

Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը հանդես է եկել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ ուղերձով՝ վերահաստատելով իր խոստումը՝ երբեք չմոռանալ 20-րդ դարասկզբի ոճրագործությունը։

ԱՄՆ նախագահի ուղերձում նշվում է.

«Այսօր մենք մի պահ կանգ կառնենք, որպեսզի հիշենք Մեծ Եղեռնի՝ Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերը և վերահաստատենք այն երբեք չմոռանալու մեր խոստումը։

Դաժանության արշավը սկսվեց 1915 թվականի ապրիլի 24-ին, երբ օսմանյան իշխանությունները ձերբակալեցին Կոստանդնուպոլսի հայ մտավորականության ներկայացուցիչներին և համայնքների ղեկավարներին։ Հաջորդող օրերին, ամիսներին և տարիներին 1,5 միլիոն հայեր արտաքսվեցին, սպանվեցին՝ ընդմիշտ թողնելով ցաուքուցրիվ եղած ընտանիքներ և ընդմիշտ փոխելով ամբողջ սերունդների ճակատագրեր:

Սգալով այս ողբերգությունը, մենք հարգում ենք նաև հայ ժողովրդի տոկունությունը: Մարդկության պատմության ամենամռայլ գլուխներից մեկը վերապրելուց հետո, ողձ մնացածները սկսեցին ավելի լավ ապագա կառուցել մեր աշխարհի համար: Արիություն և նվիրում դրսևորելով՝  նրանք վերակառուցեցին իրենց կյանքը։ Նրանք մեզ պատմեցին իրենց պատմությունները, որպեսզի համոզված լինեն, որ 109 տարի առաջ այս օրը սկսված զանգվածային սպանություններն այլևս երբեք չեն կրկնվի:

Սա մեր հանդիսավոր երդումն է։ Այսօր և ամեն օր Միացյալ Նահանգները կշարունակի պաշտպանել մարդու իրավունքները և հանդես գալ անհանդուրժողականության դեմ։ Մենք կշարունակենք ատելությանը և սարսափին պատասխանել հույսով և ապաքինմամբ: Եվ մենք կշարունակենք աջակցել բոլորին, որոնք ձգտում են ապագայի, որտեղ յուրաքանչյուրը կարող է ապրել արժանապատիվ, ապահով և հարգված»: