Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

1915-ի Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ Թուրքիայի խորհրդարանում ներկայացվածություն ունեցող, քրդամետ և ընդդիմադիր «Ժողովուրդների հավասարության և ժողովրդավարության» (DEM) կուսակցության Շիշլիի շրջանային կառույցը Փանգալթը մետրոյի մուտքի մոտ հանդես է եկել ցեղասպանության վերաբերյալ մամուլի հայտարարությամբ։ Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ։

Նշվում է, որ ներկա են գտնվել կուսակցության պատգամավորներ Օզգյուր Սաքին և Քեզբան Քոնուքչուն, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Քեզբան Քոնուքչուն մասնավորապես նշել է. «Մենք ստիպված ենք առերեսվել պատմության հետ և հաշվի նստել այս մարդասպան մտածելակերպի հետ»։

Ակցիային ներկա է գտնվել նաև Անի Քալքը, որը ցեղասպանության ժամանակ կորցրել է իր հարազատներին։ Նա նշել է, որ ժողովուրդը 109 տարի առաջ համակարգված կերպով բնաջնջվել է և բռնի արտաքսվել է։

Աղբյուրը՝ «Էրմենիհաբեր»