«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել. ՔԿ

Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը փակելու գործով խուլիգանության կասկածանքով օրերս ձերբակալված «Մարտական եղբայրության» 7 անդամներից մեկին՝ Արման Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել խուլիգանության հոդվածով։

Քննչական կոմիտեն փոխանցում է, որ միջնորդություն է ներկայացվել դատարան կալանավորելու համար։ Մյուս 6 անձինք դեռ ձերբակալված են։

«Դեպքի բոլոր հանգամանքները համակողմանի քննության առարկա են՝ միջադեպի բոլոր մասնակիցների արարքներին իրավական գնահատականներ տալու նպատակով», – հաղորդում է Քննչական կոմիտեն։

Իր հերթին, «Մարտական եղբայրություն»-ից պնդում են՝ սա քաղաքական հետապնդում է, իրենք Տավուշ էին մեկնել տեղաբնակների խնդրանքով նրանց սատարելու և ընդամենը մասնակցել են խաղաղ ակցիայի։ Կազմակերպության անդամները պնդում են, որ իրավապահները պետք է սլաքներն ուղղեն Երկրապահ կամավորականների անդամների ուղղությամբ, որոնք սադրել, ահաբեկել են խաղաղ ցուցարարներին։

Հիշեցնենք, որ երեկ Այրումից Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհահատվածում ցուցարարների և ոստիկանների միջև բախումների ընթացքում բերման է ենթարկվել 13 անձ, որոնցից 5-ին ներկայացրել են Քննչական կոմիտե, մյուսներին ազատ են արձակել։