Ինչ ասել եմ, ճիշտ եմ ասել, տեղին եմ ասել․ Ալեն Սիմոնյանը՝ հակառուսական հայտարարության մասին

«Ես գրություն չեմ ստացել։ Ում որ ուղարկել են, իրեն հարցրեք, իմ գործընկերոջը հարցրեք, ես միայն կարող եմ ասել, որ շատ վաղուց իմ գործընկերն այդ պատասխանը ուղարկել էր, ուղղակի այդ րոպեին երևի տիկին Զախարովային հարմար էր այդպես արձագանքել և չարձագանքել մյուս մասին։ Դե պարզ է չէ՞, որ այդպես բեմականացված հարց ու պատասխան է մշտապես տեղի ունենում»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյո՞ք պատասխանելու է ՌԴ պետդումայի ուղարկած գրությանը։

Նա հստակեցրեց, որ Սարգիս Խանդանյանին են ուղարկել, նա էլ մեկ կամ երկու օր հետո պատասխանել է։

«Ես իմ հայտարարությունների տերն եմ, ինչ ասել եմ, ճիշտ եմ ասել, ինչ-որ ասել եմ, տեղին եմ ասել։ Ի՞նչ է նշանակում ում անունից եմ արել հայտարարություներս, եթե որոշ երկրներում իշխանությունները չեն ներկայացնում իրենց ժողովրդին, դա իրենց խնդիրն է, ՀՀ-ում իշխանությունը և նաև ընդդիմությունը ներկայացնում է իր ժողովրդին»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ Դաշնային խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Գրիգորի Կարասինը նամակ է հղել ՀՀ Ազգային ժողովին՝ առաջարկելով հստակեցնել խորհրդարանականների դիրքորոշումը Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների վերաբերյալ, որոնք հնչեցրել է ապրիլի 22-ին Պալմայում (Իսպանիա) ԵՄ խորհրդարանների նախագահների համաժողովում։

ՌԴ Դաշնային Խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն առաջարկել էր հարցում անել Հայաստանի խորհրդարանին՝ ճշտելու Ալեն Սիմոնյանի ելույթում Ռուսաստանի մասին հնչած հայտարարության նկատմամբ դիրքորոշումը։

Ալեն Սիմոնյանը, մասնավորապես հայտարարել է․ «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ համաժողովի ուշադրության կենտրոնում Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման հարցն է և մերձավորարևելյան հակամարտությունը` ուզում եմ վերահաստատել, որ Հայաստանը հաստատակամորեն պաշտպանում է Ուկրաինայի, ինչպես նաև Մոլդովայի, Վրաստանի, Կիպրոսի և բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը: Միջազգային տարբեր հարթակներում մենք միշտ աջակցել ենք պաղեստինյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը երկու պետությունների սկզբունքի հիման վրա․․․»։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան էլ լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել էր․ «Հուսով եմ, որ նրանք, ովքեր նման հայտարարություններ են արել, բավականաչափ ուժ կունենան պատասխան տալու ռուս խորհրդարանականների նամակին»։