Մենք անվերջ հիշատակում ենք պատմությունը` մոռանալով ներկայի մասին: Մինչդեռ Արարատը մեր ներկան է. Հովիկ Չարխչյան

Հովիկ Չարխչյանը գրում է.

«Երջանկահիշատակ Գերման Ավագյանը մի օր զանգահարեց ինձ ու ասաց, որ Թուրքիայի աշխարհագրական ընկերության ամսագիրը Արարատ լեռան մասին նյութ է պատրաստում: Ինքը լուսանկարների շարք էր արել նրանց պատվերով: Թուրքերը նաև խնդրել էին, որ Հայաստանից որևէ մեկը խոսք ասի Արարատի մասին: Գերմանն էլ ինձ էր առաջարկում թուրքերին հասցեագրված մի փոքրիկ, սեղմ տեքստ շարադրել: Ես գրեցի հետևյալը.

«Ոչ մի հայ մեկ ուրիշ հայի երբեք չի հարցնի. «Ինչ է Արարատը քեզ համար»:
Ես ծնվել եմ մի գյուղում, որ գտնվում է Արարատյան հարթավայրում, Արարատի շրջանում, Արարատ քաղաքից ոչ հեռու: Ամեն առավոտ դուրս եմ եկել փողոց ու առաջին բանը, որ տեսել եմ, Արարատ լեռն է եղել: Կնշանակի Արարատն իմ բացվող օրն է, իմ կյանքը, իմ մանկությունը, իմ հիշողությունը, իմ փողոցի վերջում ձգվող հորիզոնը: Մի՞թե ես կհրաժարվեմ դրանցից: Մենք անվերջ հիշատակում ենք պատմությունը` մոռանալով ներկայի մասին: Մինչդեռ Արարատը մեր ներկան է: Հայերի համար Արարատը նույնն է, ինչ որ արժանապատվությունը: Ոչ մի ազնիվ հայ երբեք ու ոչ մի գնով չի հրաժարվի իր արժանապատվությունից: Արարատը նաև երազանք է հայի համար: Ո՞ր մարդը կապրի առանց մեծ երազանքի: Սիրել Արարատը մեզ համար չի նշանակում թշնամիներ փնտրել: Սիրել Արարատը չի նշանակում խլել մեկ ուրիշի սերը: Դրա համար էլ մենք այն սիրել ենք երեկ, սիրում ենք այսօր ու կսիրենք վաղը: Մենք սիրում ենք մեր Արարատը: Դուք էլ սիրեք ձեր տեսած Արարատը: Դրանից Արարատի սերը միայն կկրկնապատկվի»:
Ամիսներ անց Գերմանը զանգ տվեց ու ասաց, որ ամսագիրը լույս է տեսել: Խոստացավ հանդիպելիս ինձ փոխանցել դրա մեկ օրինակը: Ցավոք, մենք այլևս չհանդիպեցինք…»