Ոչ ոք չի կարող կանխորոշել՝ ԵՄ-ի հետ համագործակցության ճանապարհը դեպի ինչ հանգրվան կտանի․ Միրզոյան
Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն ունեն եվրոպական ձգտումներ: Այդ մասին «Arab News» -ին տված հարցազրույցում ասել է ԱԳ նախարար Արարատ Միզրոյանը՝ խոսելով ԵՄ-ի հետ հարաբերություններից․
«Այդ ձգտումներն ավելի ու ավելի են ուժեղանում այն հիասթափության ֆոնին, որը ՀՀ քաղաքացիներն ունեցան հայ ռուսական հարաբերություններում առաջ եկող խնդիրների ֆոնին, բայց չսահմանափակվելով միայն դրանով»,- մանրամասնել է նա։
Միրզոյանը հայտնել է, թե Հայաստանը խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ հետ․ «Նրանք մեր հիմնական գործընկերներն են ժողովրդավարական բարեփոխումների հարցում: Այժմ նրանք ցուցաբերում են մեծ հետաքրքրություն Հայաստանի տնտեսական դիմակայունությունն ուժեղացնելու հարցում: Այսպիսով, մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ: Մինչ այժմ ոչ ոք չի կարող կանխորոշել, թե այդ ճանապահը մեզ դեպի ինչ հանգրվան կտանի»,- ասել է նա։