Խմելու և ոռոգման ջրի ակունքները նույնպես հայտնվելու են ադրբեջանական վերահսկողության ներքո

Հայաստանի Տավուշի մարզի համայնքների և ճանապարհների հետ կապված փաստերը ներառված են զեկույցում։

Այս փաստերը ևս մեկ անգամ հաստատում են, որ Կառավարության հայտարարած, այսպես կոչված, դելիմիտացիայի կամ սահմանազատման գործընթացը հեռանկարում լրջորեն խախտում է մարդկանց իրավունքներն ու անվտանգությունը, հատկապես դրանով հակասում է միջազգայնորեն հաստատված էությանը։

Ըստ փաստերի Ազատամուտում կան շենքեր, որոնց բնակարանները կա՛մ սահմանով կիսվելու են, կա՛մ անցնելու են ադրբեջանական կողմին։ Այս հատվածում սահմանամերձ կդառնա նաև Դիտավան գյուղը, որը նույնպես կդառնա ադրբեջանական դիտարկման ներքո գտնվող բնակավայր։

Հնարավոր սահմանային փոփոխությյունների արդյունքում Կայանը չի ունենա կենսական պայմաններ և այլընտրանքային ճանապարհ, ինչի պատճառով կդադարի բնակավայր լինելուց։

Ճանապարհի փակվելու պատճառով Այգեհովիտը և Վազաշենը տնտեսական և անվտանգության լուրջ մարտահրավերների առաջ են կանգնելու։

Այգեհովիտում սահմանային փոփոխություններից հետո գյուղը կզրկվի հողատարածքներից և արոտավայրերից։ Հետևաբար, մարդիկ այլևս չեն ունենա գյուղատնտեսական գործունեության այդ տեսակներով զբաղվելու հնարավորություն. այն կա՛մ կվերանա, կա՛մ էականորեն կնվազի։

Հնարավոր սահմանային փոփոխություններից հետո ունեալու ենք Սաթլմիշ կոչվող բարձունքի հարց։ Եթե ադրբեջանական զինված ծառայողներ հայտնվեն այս բարձունքի վրա, ապա ուղիղ վերահսկողության տակ կվերցնեն ոչ միայն մոտակա Ազատամուտ, Աչաջուր, Սևքար, Սարիգյուղ, Բերքաբեր, Ծաղկավան գյուղերը, այլև Երևան-Իջևան-ՀՀ պետական սահման միջպետական ճանապարհը։

Կիրանցում բացի այն, որ միջպետական մայրուղու հետագա շահագործումը վտանգված է լինելու, այլ նաև բնակելի տները հայտնվում են հենց շփման գծի մեջ։ Անգամ ոչ զինված տեսանելիության պայմաններում մարդկանց տները լինելու են ադրբեջանական զինված թիրախի ներքո։

Կիրանցի արոտավայրերը, այգիները, այլ հողեր ևս անցնելու են Ադրբեջանին, իսկ գյուղը նեղ թերակղզու նմանությամբ գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերով։

Ոսկեպարի հատվածում խնդիրը միայն ներկայում գործող ճանապահով չի սահմանափակվելու։

Այս հատվածով են անցնում Հայաստանի համար ռազմավարական և կենսական նշանակության գազատարը, ինտերնետ կապի մալուխները և այլն։

Խմելու և ոռոգման ջրի ակունքները նույնպես հայտնվելու են ադրբեջանական վերահսկողության ներքո։ Բնակիչներից շատերը ստիպված են լքելու իրենց տները, բնակավայրը։

Ոսկեպարի սահմանային փոփոխությունները լուրջ սպառնալիք են ստեղծելու Հայաստանի այդ ամբողջ տարածաշրջանի բնակչության համար։ Վտանգվելու է միջպետական նշանակության ճամապարհն առհասարակ։

Մանրամասները՝ զեկույցում

 «Թաթոյան» հիմնադրամ