Սամվել Վարդանյանի խափանման միջոցի հարցը լուծելու ուղղությամբ միջոցներ են ձեռնարկվում. ՔԿ

Սամվել Վարդանյանի խափանման միջոցի հարցը լուծելու ուղղությամբ միջոցներ են ձեռնարկվում։ Այս մասին հայտնել է քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։

Ինչպես տեղեկացրել է Վարդանյանի փաստաբան Ռուբեն Մելիքյանը, դատական նիստը նշանակված է Ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում՝ ժամը 19։00-ին, դատավորը Ժորա Չիչոյանն է։

«Սամվել Վարդանյանին առաջադրվեց մեղադրանք ոչ միայն խուլիգանության, այլև քաղաքական հայացքներով պայմանավորված՝ թշնամանք հրահրելու հոդվածով (լուսահոգի Արմեն Գրիգորյանի, քաղբանտարկյալ Նարեկ Մալյանի հոդված)։ Սամվելին արդեն տեղափոխել են Շենգավիթի դատարան։ Դա նշանակում է, որ դատարանին ներկայացվելու է կալանավորման միջնորդություն։ Դատավորի, նիստի ժամի մասին տեղեկություն առայժմ չունենք։ Ունենալուն պես՝ ես կամ Վարազդատ Հարությունյանը կհայտնենք հանրությանը»,- նշել էր Ռուբեն Մելիքյանը։