Սամվել Վարդանյանին առաջադրված մեղադրանքը լրացվել է, իսկ խոշտանգման դեպքով վարույթ դեռ չի նախաձեռնվել․ փաստաբան

ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ տեղի ունեցած միջադեպի գործով Սամվել Վարդանյանի մեղադրանքը լրացվել է։ Այս մասին այսօր՝ ապրիլի 17-ին, ՔԿ-ի բակում լրագրողներին ասաց փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

«Քրեական վարույթը նախաձեռնված է եղել խուլիգանության հոդվածի 1-ին մասով, մեղադրանքը լրացվել է նաև Արմեն Գրիգորյանի և Մալյանի հոդվածով՝ քաղաքական հիմքով թշնամանք, անհանդուրժողականություն հրահրելու հոդվածով, այն հոդվածով, որով կարծում եմ՝ Հայաստանի քաղաքացիների բավական մեծ մասի ցանկացած պահի այդ մեղադրանքն առաջադրվի․ ողջույն Հայաստանի ժողովրդավարությանը ծափահարողներին։ Հոդվածը 1-4 տարի ժամկետով ազատազրկում նախատեսող հոդված է»,- նշեց նա։

Մելիքյանն ասաց, որ պատրաստել է խոշտանգման դեպքով հանցագործության մասին հաղորդում, որը քիչ անց մուտք կանի․ «Չնայած նրան, որ մամուլում արդեն իսկ նշվել էր խոշտանգման դեպքի մասին, սակայն դեպքով այդպես էլ վարույթ դեռ չի նախաձեռնվել»։

Նշենք, որ պատգամավորի հետ տեղի ունեցած միջադեպից հետո Սամվել Վարդանյանը ձերբակալվել է, երբ նրան ՁՎՊ տեղափոխելու ճանապարհին  դիմակավորված անձինք ծեծի են ենթարկել։ Նրա փաստաբան Վարազդատ Հարությունյանը նկարագրել է, թե ինչպես են վարվել Սամվելի հետ։

«Երբ իրենք ոստիկանների ուղեկցությամբ դուրս են գալիս, որ գնան ՁՊՎ, ընդամենը մեկուկես րոպեի հեռավորության վրա կանգնած է ոստիկանական մեքենան, ոստիկանության քաղաքացիական հագուստով 2 աշխատակիցներն ասում են, որ իրենք կարիք ունեն իրենց բնական կարիքները հոգալու, Սամվելին տեղեկացրել ու մեքենայից դուրս են եկել։ Այնուհետև ամբողջովին սև հագնված, դիմակավորված անձինք մեքենայից իրեն դուրս են հանում, տանում են խոտերի մեջ, նրան ծնկի են բերում ու գլուխը հարվածում գետնին, սկսում են նրան ձեռքերով հարվածել, այդ ծեծը զուգորդվում է սեռական բնույթի հայհոյանքներով, արժապատվությունը վիրավորող խոսքերով, այնուհետև ստիպում են Սամվելին, որպեսզի ինքը կրկնի իր վերաբերյալ հնչած սեռական բնույթի հայհոյանքները, բնականաբար Սամվել ըմբոստանում է, թքում են նրա վրա, այնուհետև հանում են նրա վրայից տաբատը, և ձեռքերը ձեռնաշղթայված են լինում, մահակը պահել նրա ոտքերի արանքում, գուցե վախեցնելու նպատակով։ Այն վարքը, որը ցուցաբերել են այդ ոչնչությունները, այդպիսի վարք մենք միայն լսել են ռազմագերիներից»,- պատմել է փաստաբանը։