Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան

Հայաստանի բազմաթիվ ապացույցներին ի պատասխան Ադրբեջանը հուսահատ փորձեր է կատարել կողմերի միջև հավասարության կեղծ զգացողություն ձևավորելու նպատակով իր կողմից գործ է հարուցել Հայաստանի նկատմամբ։ Այս մասին այսօր՝ ապրիլի 16-ին, ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում այսօր՝ ապրիլի 16-ին, «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով բանավոր լսումներին հայտարարեց Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։

«Ադրբեջանի համար դժվարություն է այն, որ չունի տեսանյութեր՝ ռասայական վայրագությունների, որ կարողանա հիմնավորել իր պնդումները, կամ պետական պաշտոնյաների կողմից արված հայտարարություններից մեջբերումներ անելու հնարավորություն չունի։ Ինչ է արել Ադրբեջանը․ վերակենդանացրել է 3 տասնամյակների պատմական դժգոհությունները, որոնք ակնհայտորեն դուրս են դատարանի իրավազորության ժամկետային շրջանակից։ Երեկ Ադրբեջանը կեղծ պնդում էր անում, 20-րդ դարասկզբի ազգային գաղափարախոսությունը որպես ռասայական ներկայացրեց, դա այսօրվա Հայաստանի քաղաքական դաշտի իրողությունների հետ ոչ մի ընդհանրություն չունի։ Ադրբեջանը նաև անհավանական պնդումներ է ներկայացրել, իբրև բնապահպանական վնասի մասին, որոնք որևէ կապ չունեն ռասայական խտրականության հետ։ Ադրբեջանն արդեն երրորդ անգամ փորձ է անում համոզել դատարանին, որ ականների վերաբերյալ իր պնդումները տեղավորվում են այս կոնվենցիայի շրջանակի մեջ»,- նշեց Եղիշե Կիրակոսյանը։

Նրա խոսքով՝ Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից․ «Այնուամենայնիվ Ադրբեջանը նույն ռազմավարությամբ փորձում է դիմացինին մեղադրել և հայելային արտացոլմամբ նույն պնդումները ներկայացնել։ Անկասկած Ադրբեջանը գիտի Հայաստանի դեմ ներկայացրած իր հայցի իրավազորության խնդիրների մասին, հիմա հուսահատ փորձ է անում դատարանին համոզել, թե իբրև Հայաստանի պնդումն էլ իրավազորության խոչընդոտների պիտի հանդիպի։ Ադրբեջանը պարզապես հույս ունի, որ առարկությունների մի խումբը կչեղարկի դիմացինի առարկությունները։ Սա ցինիկ ռազմավարություն է, որը կիրառվում է, քանի որ այլ տարբերակներ չկան»։

Անդրադառնալով Ադրբեջանի այն պնդմանը, թե ինքն այդ շրջանում առաջընթաց էր արձանագրում բանակցություններում, Կիրակոսյանը ասաց․ «Այդ ժամանակ ռազմավարի պուրակ էր բացում և ծաղրում էթնիկ հայերին ռասիստական մանեկեններով։ Այսպիսի համատեքստում բանակցությունների մեկ տարին անգամ չափազանց երկար էր։ Հայաստանը բանակցում էր Ադրբեջանի հետ բարեխղճորեն և ծավալում քննարկումներ, որոնք ավելի քան ապարդյուն էին։ Հայաստանը բավարարել է 22-րդ հոդվածի պահանջի տառն ու ոգին, և Ադրբեջանի առաջին առարկությունն այս առումով ենթակա է բացարձակ մերժման»։

Կիրակոսյանը շեշտեց, որ հիմնազուրկ է նաև Ադրբեջանի երկրորդ առարկությունը․ «Չկարողանալով անգամ փաստարկել, որ Հայաստանի պնդումների ճնշող մեծամասնությունն իբրև դուրս է դատարանի իրավազորության շրջանակից, Ադրբեջանը փորձում է դատարանին համոզել, որ Հայաստանի որոշ պնդումներ, պահանջներ, որոնք վերաբերում են բռնությանը, կալանավորումներին և հարկադիր անհետացումներին, որևէ ընդհանրություն չունեն սույն կոնվենցիայի հետ, և Ադրբեջանը առնվազն երկու մտացածին փաստարկի վրա է հիմնվում։ Առաջինը՝ դատարանին ասում է, թե Հայաստանը պարզապես բավարար ճշգրտությամբ չունի ռասայական բնույթի ապացույցներ, Ադրբեջանը պնդում է, թե Հայաստանը պետք է ապացուցի, որ բռնության յուրաքանչյուր դեպք, կալանավորում և անհետացում բավականաչափ ռասիստական է եղել, և դա անելու համար բավարար չէ, որ իբրև Հայաստանը պետք է ցույց տա ատելության խոսքի միջավայր, կամ ամենածայրահեղ վայրագությունները կամ բռնարարների ռասիստական խոսքերը բավարար չեն, Ադրբեջանի կարծիքով՝ Հայաստանը պետք է ապացուցի, թե կա մի այլ բան, որը դրանից ավելին է։

Մյուս մտացածին փաստարկն այն է, որ Հայաստանի բողոքը չի տեղավորվում կոնվենցիայի շրջանակում, Ադրբեջանի տեսանկյունից Հայաստանն անհարկի փորձում է դատարանով լուծել երկու պատերազմող պետությունների զինված հակամարտության խնդիրը։ Հայաստանի պահանջը չի սահմանափակվում 2020 թվականի 44-օրյա պատերազմով միայն։ Ադրբեջանի փոխաբերությունն օգտագործելով՝ պատերազմը միայն այսբերգի գագաթն էր, իսկ դա ռասիստական քաղաքականության և գործելակերպի տասնամյակների այսբերգն էր։ Զինված հակամարտության առկայությունը չի բացառում սույն կոնվենցիայի գործողությունը։ Պատմությունն է մեզ ցույց տվել, որ ամենածայրահեղ ռասայական խտրականության դրսևորումները, այդ թվում՝ հալածանքը, էթնիկ զտումը և ցեղասպանությունը ավելի շատ տեղի են ունենում հենց զինված հակամարտության համատեքստում»։

 

Հիշեցնենք, որ Հայաստանն Ադրբեջանի դեմ ևս 4 միջպետական գանգատ է ներկայացրել Եվրոպական դատարան։ Առաջինը վերաբերում է 44-օրյա պատերազմին և դրան հաջորդած խախտումներին, երկրորդը՝ տարբեր փուլերում գերեվարված հայերի նկատմամբ ապօրինի դատավարություններին, երրորդը՝ Հայաստանի սուվերեն տարածքում ադրբեջանցիների զինված ներկայությանը և դրա հետևանքով մարդու իրավունքների խախտումներին, չորրորդը՝ Արցախում տեղի ունեցած խախտումներին, այն ներառում է նաև արցախահայերի բռնի տեղահանությունը։