Երիտասարդն անցել է բոլոր սահմանները․ ՔՊ-ական Հակոբ Ասլանյանը՝ միջադեպի մասին

«Երիտասարդն անցել է բոլոր սահմանները ու օրենքի առջև պիտի պատասխան տա»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց  ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանը՝ անդրադառնալով նախօրեին տրանսպոտում իր մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպին։

«Ես ուզում էի վճարեի, իջնեի,  նա իմ ճանապարհը փակում է և սկսում է այնպիսի բաներ արտաբերել, որ ասելու չէ։ Նույնիսկ այդ պայմաններում ես ասում եմ` ճանապարհ տուր, բայց չի թողնում, և այն ժամանակ ես հրում եմ նրան ու անցնում»,- պատմեց ՔՊ-ականը։

Դիտարկմանը, որ երբ Ալեն Սիմոնյանը թքել էր քաղաքացու վրա, դա ներկայացվեց որպես էմոցիոնալ պոռթկում, ինչո՞ւ այս դեպքում էլ այդպես չի որակվում որպես քաղաքացու էմոցիոնալ պոռթում ձեր վարած քաղաքականությանը, Հակոբ Ասլանյանը պատասխանեց. «Դա էմոցիոնալ պոռթկում չէ, դա հստակ կանխամտածված մոտեցում է: Դրանք տարբեր դաշտեր են: Ես հանգիստ ինձ համար նստած եմ, գալիս եմ, որ իջնեմ կանգառում, ինքն իմ դեմը փակում է և սկսում է… :  Իր փաստաբաններն ասում են՝ մենք դեմոկրատական երկրում ենք ապրում, ես ասում եմ՝ բայց դեմոկրատիայի դեպքում ձեր իրավունքն ավարտվում է այնտեղ, որտեղ սկսվում է իմ իրավունքը: Չի կարելի ասել՝ ես դրա իրավունքն ունեմ, բա ես ինչի՞ իրավունքն ունեմ։

Երկրորդ, նա նկարահանելու իրավունք չուներ, նկարահանել, նշանակում է մտնել իմ սեփական տարածքը: Ասում են՝ ամբողջ Եվրոպայում էլ պապարացիները նկարում են, ես էլ ասացի՝ դրա համար իրենց գլուխը ջարդում են: Այո, թող խոսեր, թող ինչ-որ բան ասեր, բայց ինքը նկարում էր»:

Նա նշեց, որ եթե այդ տղան տեսանյութը ֆեյսբուքում չհրապարակեր և չտարածեր, ինքը չէր պատրաստվում որևէ բան անել։

Հիշեցնենք՝ երեկ հանրային տրանսպորտում միջադեպ է տեղի ունեցել ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի և ակտիվիստ Սամվել Վարդանյանի մասնակցությամբ, որն ուղեկցվել է փոխադարձ հայհոյանքներով։ Միջադեպի առնչությամբ քրեական գործ է հարուցվել, պատգամավորին վիրավորած երիտսարդը ձերբակալվել է: