Ինչպես են ադրբեջանցիները մեկ գիշերում ոչնչացրել «Արծիվ» աղբյուր-հուշարձանը և ինչ է ասել Հեյդար Ալիևը

Այսօր լրանում է հայ գյուտարար, տեխնիկական գիտությունների թեկնածու, ծնունդով Բանանց գյուղից (պատմական Մեծ Հայքի Ուտիք նահանգի Գարդման գավառ, ներկայումս Ադրբեջանի տարածք) Սերգեյ Տերյանի 100-ամյակը, որն իր ողջ գիտակից կյանքը նվիրել է իր հարազատ Գարդման աշխարհի ու գարդմանցիների խնդիրների բարձրաձայնմանը:

Սերգեյ Տերյանը տարիներ առաջ իր անձնական արխիվից Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին էր հանձնել իր ձեռագիր հուշագրությունը և Բանանց գյուղի Հայրենական պատերազմի զոհերի հիշատակին նվիրված «Արծիվ» աղբյուր-հուշարձանի կառուցման, ադրբեջանական իշխանությունների կողմից մեկ գիշերում ոչնչացման պատմության վերաբերյալ բացառիկ արխիվային նյութեր՝ լուսանկարներ, փաստաթղթեր, ձեռագրեր և այլն:

Հուշարձանի կառուցման կազմկոմիտեի նախագահը հենց Սերգեյ Տերյանն էր, իսկ ճարտարապետը՝ Ռաֆայել Իսրայելյանը: Ցավոք, հուշարձանի պաշտոնական բացումը այդպես էլ տեղի չի ունենում. Բաքվի իշխանությունները, ասելով որ այն խորհրդանշում է Զորավար Անդրանիկին, արծվի տեսքով հուշարձանը պիտակավորում են որպես «դաշնակցական» և, 1969 թ. հուլիսի 26-ի գիշերը՝ գյուղի ու շրջապատի լույսերը նախապես անջատելով, քանդում հուշակոթողը: Ի դեպ, այն ոչնչացվել է Հեյդար Ալիևի՝ Ադրբեջանի Կոմունիստական Կուսակցության Կենտրոնական Կոմիտեի առաջին քարտուղար ընտրվելուց օրեր անց, և Սերգեյ Տերյանն իր հուշերում անդրադառնում է նրա հետ հանդիպմանը, որի ընթացքում Հեյդար Ալիևը ասել է, որ տեղյակ է հուշարձանի քանդման մասին և ոչինչ չի կարող անել այն վերականգնելու ուղղությամբ, ապա ավելացրել, որ եթե այն վերականգնվի, ապա մի որևէ ադրբեջանցի կպայթեցնի հուշարձանը, քանի որ իրենց մեջ տարածվել էր այն կարծիքը, որ հուշարձանը խորհրդանշում է Զորավար Անդրանիկին:

«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամին կատարած արժեքավոր նվիրատվության, ինչպես նաև` հայապահպանության ու ազգային մտածելակերպի զարգացմանը նվիրված գործունեության համար ՀՑԹԻ-ն Սերգեյ Տերյանի ծննդյան օրը շնորհակալագիր է հանձնել վերջինիս:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ

Լուսանկարում՝ Սերգեյ Տերյանն է ՀՑԹԻ-ում, 2019 թ.: