Հայաստանում առաջին անգամ անցկացվում են արվեստն ու բիզնեսը միավորող նորարարական դասընթացներ (տեսանյութ)

2024 թվականի ապրիլի 8-ից Հայաստանի բլոկչեյն էմբասի հանդիսացող ftNFT ֆիջիթալ սփեյսում սկսվել են Cerebrum Intellectus (Ցերեբրում Ինտելեկտուս) դասընթացները, որոնց նպատակն  է՝ համախմբել արվեստի և բիզնեսի ոլորտների փորձագետներին և նորարարական կրթություն մատուցել երիտասարդ սերնդին:

Ցերեբրում Ինտելեկտուսն արվեստ-բիզնես կապը զարգացնող լավագույն օրինակներից է՝ խոստումնալից հեռանկարներով: Հայտնի արվեստագետներ, նկարազարդողներ, կառավարման, մարքեթինգի, ֆինանսների և վաճառքի դասախոս-խորհրդատուներ երիտասարդներին հաղորդակից կդարձնեն սեփական գիտելիքին և փորձին՝ սովորեցնելով բազում հմտություններ և օգնելով իրականացնել սեփական բիզնես գաղափարները:

Երկամսյա դասընթացներին կարող են մասնակցել 10-17 տարեկան երիտասարդները: Խմբերը ձևավորվում են լրացված հայտադիմումի հիման վրա՝ ըստ տարիքի. մեկ խումբն ունենալու է 6-10 ուսանող: Դասընթացի ամսական վճարը կազմում է 40,000 ՀՀ դրամ: Վճարումները կարելի է կատարել բանկային քարտով կամ ftNFT տերմինալով՝ սահմանված կարգի համաձայն:

Ցերեբրում Ինտելեկտուս դասընթացի ավարտից հետո մասնակիցներին տրվելու են վկայականներ, որոնք գեներացվելու են բլոկչեյնի միջոցով և լինելու են NFT-ի (Non-fungible token) տեսքով: Իսկ լավագույն առաջադիմությամբ ուսանողներին տրվելու է փորձաշրջանի կամ աշխատանքի հնարավորություն՝ կախված տարիքից և կազմակերպությունում պրակտիկայի համար նախատեսված թափուր տեղերի առկայությունից: