Որոշ պետություններ ԼՂ հարցն օգտագործել են Հայաստանի վզին «պովոդոկ» հագցնելու համար. Փաշինյան

Իրական ու պատմական Հայաստանի միջև սահմանազատումը չափազանց ցավոտ է:

Այս մասին այսօր՝ ապրիլի 10-ին, կառավարության ծրագրի 2023 թվականի կատարողականի քննարկման ժամանակ իր ելույթում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այդ  ցավոտ կետերից ամենաուժգինը հետևյալ հարցն է՝ եթե այն, ինչ ասացի, դա է ապագա տանող ուղին, ինչի՞ համար էին մեր հազարավոր զոհերը, հանուն ինչի՞ են զոհվել մեր  զինվորները:

Ես բազմիցս հրապարակային եմ տվել այդ հարցը, կարևորել դրա բովանդակային պատասխան տալը: Պատասխանը հետևյալն է. մեր զինվորները զոհվել են հանուն Հայաստանի պետականության, անկախության և ինքնիշխանության:

Առիթ ունեցել եմ ասելու, որ իմ եզրակացությունն այն է, որ 1996-ի ԵԱՀԿ Լիսաբոնի գագաթնաժողովից հետո ԼՂ-ի հարց գոյություն չի ունեցել, գոյություն է ունեցել Հայաստանի հարց այն իմաստով, որ ԼՂ հարցի բովանդակությունը դե յուրե կանխորոշող միջազգային ճարտարապետություն այլևս պատրաստ է եղել և անփոփոխելի՝ արձանագրումով, որ ԼՂ-ն չի կարող չլինել Ադրբեջանի կազմում: Այս արձանագրումից խուսափելով, անորոշ ու սին հույսեր տալով որոշ պետություններ ԼՂ-ի հարցն օգտագործել են ՀՀ-ին վզկապ, մեր խոսույթում «պովոդոկ» խոսքով հայտնի վզկապ հագցնելու և որպես անկախ պետություն նրա գործողությունները կաշկանդելու համար »,-ասաց նա: