Եթե դուք ցանկանում եք ունենալ ռուս զինվորներ, ռուսական ФСБ ձեր հողում, դա ձեր ինքնիշխան որոշումն է. ԵՄ պաշտոնյա
Անկախ նրանից՝ դուք ցանկանում եք ունենալ ռուս զինվորներ, ռուսական ФСБ կամ որևէ այլ ռուսական իրավապահ մարմին ձեր հողում, դա ձեր ինքնիշխան որոշումն է: Բրյուսելում «Ազատության» հարցին ի պատասխան ասել է ԵՄ արտաքին հարաբերությունների խոսնակ Պետեր Ստանոն։
Հարցին, թե արդյոք ԵՄ-ի հետ հարաբերությունները սերտացնելու համար դչրված է Հայաստանի Ռուսաստանի առաջնորդած դաշինքները լքելու հարցը, Ստանոն ասել է, որ ԵՄ-ն այն դերակատարը չէ, որ ասի՝ եթե ուզում եք աշխատել մեզ հետ, պետք է հրաժարվեք բոլոր մյուս գործընկերներից:
«Հայաստանի համար սահմանված տնային աշխատանքն ավելի շատ բարեփոխումները շարունակելու իմաստով էր։ Մենք խոսում ենք Հայաստանը քաղաքական և տնտեսական առումով ԵՄ-ը մոտեցնելու մասին։ Եվ դա ներառում է, իհարկե, բարեփոխումների վրա աշխատանք՝ ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդում և բարեփոխում, իհարկե, անհրաժեշտ տնտեսական բարեփոխումներ, օրենքի գերակայության ապահովում, կոռուպցիայի դեմ պայքար։ Եվ այս հարցում Հայաստանը հսկայական աշխատանք է կատարել։ Սա գնահատվեց այսօր և շարունակում է գնահատվել:
Բայց, իհարկե, կան խնդիրներ, որոնք դեռ պետք է բարելավվեն։ Ինչ վերաբերում է Ռուսաստանի հետ ձեր հարաբերություններին, ԵՄ-ն այն դերակատարը չէ, որ ասի՝ եթե ուզում եք աշխատել մեզ հետ, պետք է հրաժարվեք բոլոր մյուս գործընկերներից: Մենք կողմ ենք ներառական համագործակցությանը։ Եթե կարծում եք, որ ձեր շահերից ելնելով կարևոր է, կամ՝ լավ է, կամ՝ ձեռնտու է Ռուսաստանի հետ ինչ-որ համագործակցություն ունենալը, կարող եք դա ունենալ, եթե այն չի հակասում ԵՄ քաղաքականությանը, օրինակ՝ մեր պատժամիջոցների քաղաքականությանը:
Այսպիսով, եթե դուք ավելի սերտ կապեր եք զարգացնում ԵՄ-ի հետ, դա չի նշանակում, որ պետք է կրճատեք ձեր կապերը որևէ այլ գործընկերոջ հետ: Անկախ նրանից՝ դուք ցանկանում եք ունենալ ռուս զինվորներ, ռուսական ФСБ կամ որևէ այլ ռուսական իրավապահ մարմին ձեր հողում, դա ձեր ինքնիշխան որոշումն է: Մենք չենք ասում՝ եթե ուզում եք մեզնից ավելին ստանալ, պետք է ազատվեք ռուսներից։ ԵՄ-ն այդպես չի աշխատում»,- ասել է նա։