Եթե Նիկոլը լիներ Ադրբեջանի ղեկավարը, ես հաստատ կդառնայի նրա ֆան կլուբի անդամը
ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը գրել է․
«Եթե Նիկոլը լիներ Իլհամ
Հենց նոր հասկացա՝ եթե Նիկոլը լիներ Ադրբեջանի ղեկավարը, ես հաստատ կդառնայի նրա ֆան կլուբի անդամը. կաջակցեի նրան, կգովերգեի նրա բոլոր նախաձեռնություններն ու դրայվով կհետևեի, թե ի՞նչ է կատարվում Ադրբեջանում:
Իսկ Նիկոլը, որպես սկիզբ, կսկսեր Ադրբեջանում շատ արագ զարգացնել՝ «փաստացի հայկական Արցախից հրաժարվենք եւ հանգիստ ապրենք» թեզը: Հատկապես, որ մինչև 2018 թվականն այդ թեզի կրողներն Ադրբեջանում քիչ չեն եղել (իհարկե՝ լատենտ):
Նիկոլը մի րոպեում կգտներ լիքը քարտեզներ, որոնցով Ադրբեջանի ժողովրդին կապացուցեր, որ Արցախը, Քարվաճառը, Քաշաթաղը, Կովսականը, Շահումյանն ու հարակից այլ տարածքները պատմական հայկական տարածքներ են եղել ու երբեք չեն պատկանել սուվերեն Ադրբեջանին: Նա կհամոզեր Ադրբեջանի ժողովրդին, որ 1923-ին բոլշեւիկների որոշումով է Արցախն ու Նախիջեւանը բռնակցվել սովետական Ադրբեջանին, նա կթափահարեր Ադրբեջանի սահմանադրությունն ու ցույց կտար ադրբեջանցիներին, որ տեսեք, դեռեւս նախկին իշխանությունների ժամանակներից, այսօրվա Ադրբեջանը չի հանդիսացել խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդ, հետեւաբար, առնվազն ԼՂԻՄ-ը պետք է վերադարձնել Հայաստանին, այլապես՝ պատերազմն անխուսափելի է:
Իհարկե, Ադրբեջանում եւս կգտնվեին մարդիկ, ովքեր համաձայն չէին լինի Նիկոլի հետ, միտինգներ կանեին ու կպահանջեին վերջինիս հրաժարականը: Դա ֆանտաստիկ առիթ կտար Նիկոլին՝ կալանավորելու, օրինակ, մուսավաթիստներին, «Դեմոկրատական ուժերի ազգային խորհրդի», «ՌԵԱԼ» եւ «Նիդա» քաղաքացիական շարժման ակտիվիստներին ու էլի մի քանի ընդդիմադիրների:
Ու ամենակարեւորը՝ նա վախի ու շանտաժի մթնոլորտում կպահեր իշխող «Յենի Ազերբայջան» կուսակցության անդամներին:
Նիկոլը շատ արագ կփչացներ Ադրբեջանի հարաբերությունները Թուրքիայի և Մեծ Բրիտանիայի հետ: Իր բնավորության համաձայն, նա կսկսեր տարատեսակ պահանջներ ներկայացնել թյուրքալեզու պետությունների ղեկավարներին, կվերանայեր նավթային գործարքները, հակակոռուպցիոն պայքարի անվան տակ այնպես կաներ, որ Արեւմուտքում եւ Ռուսաստանում ազդեցություն ունեցող ադրբեջանցի միլիարդատերերը հայտնվեին Հայաստանում, ու լիքը այլ բաներ:
Մի խոսքով՝ Հայաստանում ապրելը կդառնար իսկական դրախտ և աշխարհի բոլոր հայերը երախտապարտ կլինեին ժողովուրդների հայր Նիկոլին՝ հայ ժողովրդին մատուցած իր անկշռելի ծառայությունների համար:
Բայց դե, մեր բախտը չի բերել, և Նիկոլը ոչ թե Ադրբեջանի, այլ Հայաստանի ղեկավարն է:
Ուստի, մեր փոխարեն ադրբեջանցիներն են «օլ ինքլյուզիվ», բայց հուսանք, ժամանակավորապես, վայելում Նիկոլի բարիքները»: