Քննարկվել են թատերական, թատերահամերգային հաստատությունների տնօրենների, աշխատակիցների ատեստավորման նոր կարգը

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն աշխատանքային հանդիպում է ունեցել թատերահամերգային կազմակերպությունների ղեկավարների ու ներկայացուցիչների հետ, որի ընթացքում քննարկվել են ոլորտի վերաբերյալ մի շարք առանցքային հարցեր:

ԿԳՄՍ նախարարության հաղորդմամբ, քննարկման առանցքում է եղել թատերական, թատերահամերգային հաստատությունների տնօրենների, աշխատակիցների ատեստավորման նոր կարգի և որակավորումների բարձրացման վերաբերյալ հարցերը: Մասնավորապես՝ կողմերն անդրադարձել են օրենսդրական դաշտի կարգավորման խնդիրներին:

Հանդիպմանն անդրադարձ է եղել Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներդրված մշակութային հաստատությունների ֆինանսավորման նոր մոդելին, որն առաջիկայում նախատեսվում է կիրառել նաև այլ հաստատություններում:

Ըստ ֆինանսավորման նոր մոդելի՝ յուրաքանչյուր տարի կազմակերպությանը տրամադրվում է իր կողմից կանխատեսվող սեփական եկամուտների կրկնապատիկի չափով գումար: Այդ գումարը կարող է օգտագործվել պահպանման ծախսերի, աշխատակիցների վարձատրության բարձրացման, նոր և վերափոխված ներկայացումների բեմադրության, հյուրախաղերի, անհրաժեշտ կապիտալ ծախսերի համար:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը ներկաներին հայտնել է նաև ոլորտում մարքեթինգի միասնական հարթակ ստեղծելու անհրաժեշտությունը:

«Մեզ համար առաջնային է թատերական ոլորտն առավել տեսանելի և ընկալելի դարձնելը հանրության համար: Դա պետք է արվի՝ յուրաքանչյուր կառույցի առանձնահատկությունը հաշվի առնելով և առավելագույնս պրոֆեսիոնալ ձևաչափով»,- ասել է Դ. Դանիելյանը:

Հանդիպմանը քննարկվել են նաև աշխատանքային ընթացիկ խնդիրներ, որոնք վերաբերել են կազմակերպությունների խաղացանկային և տոմսային քաղաքականությանը, մարզային համագործակցությանը, կապիտալ  վերանորոգումներին, ինչի վերաբերյալ ընդգծվել է նախահաշիվները ժամանակին ներկայացնելու և հետագա խնդիրներից խուսափելու անհրաժեշտությունը: