Աշխարհի ամենահարուստ ինը հայերը՝ ըստ Forbes-ի 2024 թ. ցուցակի

Forbes USA-ը հրապարակել է դոլարային միլիարդատերերի 38-րդ համաշխարհային վարկանիշը, որտեղ ընդգրկվել են նաև hայազգի 9 գործարարներ։

Հայերի շրջանում ամենահաջողակը ռուսաստանաբնակ գործարար Սերգեյ Գալիցկին է (ազգանունը մինչ ամուսնանալը՝ Հարությունյան), որը Forbes-ի համաշխարհային ցուցակի 991-րդ տեղում է: «Մագնիտ» մանրածախ ցանցի հիմնադրի և «Կրասնոդար» ֆուտբոլային ակումբի նախագահի կարողությունը գնահատվում է 3,3 միլիարդ դոլար, ինչը 2023 թվականի համեմատ ավելի է 10 միլիոն դոլարով:

Արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանը զբաղեցրել է 1104-րդ տեղը՝ 3 մլրդ դոլար կարողությամբ:

Ռուսաստանաբնակ գործարարներ Սամվել Կարապետյանը և Ալբերտ Ավդոլյանը կիսում են 1143-րդ հորիզոնականը: Նրանցից յուրաքանչյուրի կարողությունը գնահատվել է 2,9 մլրդ դոլար: Կարապետյանի կարողությունն, ի հեճուկս համաշխարհային բացասական կոնյունկտուրայի, աճել է 20 մլն դոլարով։

Ռուսաստանցի գործարար, ծանոթությունների հավելվածների և Bumble և Badoo սոցցանցերի հիմնադիր Անդրեյ Անդրեևը (Անդրեյ Օհանջանյանց) 1 615-րդ տեղում է՝ 2 մլրդ դոլարով։

Իրապատում շոուների աստղ Քիմ Քարդաշյանը 1851-րդ հորիզոնականում է՝ 1,7 մլրդ դոլար կարողությամբ:

Fix Price-ի համահիմնադիր Արտյոմ Խաչատրյանը (ՌԴ)՝ 1 951-րդ տեղում՝ 1,6 մլրդ կարողությամբ։

Ամերիկահայ գործարար և Moderna կենսատեխնոլոգիական ընկերության համահիմնադիր Նուբար Աֆեյանը զբաղեցրել է 2152-րդ տեղը՝ 1,4 մլրդ դոլար կարողությամբ, ինչը 20 մլն դոլարով պակաս է նախորդ տարվա իր կարողությունից: Նա նաև Flagship Pioneering-ի հիմնադիրն ու գլխավոր տնօրենն է, որը զբաղվում է կյանքի գիտությունների նորարարությամբ՝ Քեմբրիջում։

Օկուպացված Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, որն ապօրինաբար կալանավորվել է և պահվում է Բաքվում, զբաղեցրել է 2545-րդ հորիզոնականը՝ 1,1 մլրդ դոլար կարողությամբ: Նրա կարողությունը մեկ տարվա ընթացքում կրճատվել է 100 մլն դոլարով: