Հարցվածների 67 տոկոսը կարծում է, որ ՀՀ իշխանությունն ունակ չէ ՀՀ շահերից բխող պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ

ՀՀ-ում հարցվածների 67 տոկոսը կարծում է, որ ՀՀ իշխանությունն ունակ չէ Հայաստանի շահերից բխող և ընդունելի պայմաններով խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ։ Այս մասին հրավիրված ասուլիսում ասաց «GALLUP International Association»-ի հայաստանյան ներկայացուցիչ Էմ Փի ՋԻ ՍՊԸ-ի տնօրեն Արամ Նավասարդյանը։

«Եթե 2023 թ․ հունվարին հարցման մասնակիցների 10,6 տոկոսը նշել էր՝ միանշանակ այո, 19,8 տոկոսը՝ավելի շուտ այո, այսինքն՝ մոտ 30 տոկոսը կարծում էր, որ ունակ կլիներ, ապա այժմ այդ ցուցանիշը նվազել է և միայն 8,7 տոկոսն է կարծում, որ ունակ կլինի խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ՝ Հայաստանի համար ևս ընդունելի պայմաններով, 18,2 տոկոսը նշում է՝ ավելի շատ ոչ և միանշանակ ոչ նշել է 48,8 տոկոսը։ Այսինքն՝ 67 տոկոսը նշում է, որ այս իշխանությունն ունակ չի լինի ՀՀ-ի շահերից բխող պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ»,- ասաց Նավասարդյանը՝ ընդգծելով, որ դա շատ կարևոր ցուցանիշ է։

Սահմանազատման գործընթացը Տավուշից սկսելու և չորս գյուղերը հանձնելու մասին հարցվածների շուրջ 90 տոկոսը նշել է, որ ընդունելի չէ այս մոտեցումը։ Մասնավորապես, միայն 2,9 տոկոսը նշել է, որ միանշանակ ընդունելի է, ավելի շուտ ընդունելի է՝ կարծում է 6 տոկոսը, 79,7 տոկոսը նշել է, որ ընդհանրապես ընդունելի չէ, 7,8 տոկոսը նշել է՝ ավելի շուտ ընդունելի չէ, 3,6 տոկոսը դժվարացել է հարցին պատասխանել։