Ռուսաստանին անհանգստացնում է ապրիլի 5-ին կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը

Հայաստանն ամբողջ աշխարհի աչքի առաջ վերածում են հավաքական Արևմուտքի վտանգավոր պլանների իրականացման գործիքի, որոնք լիովին տարբերվում են հայ ժողովրդի արմատական շահերից։ Այս մասին իր Թելեգրամ-ալիքում գրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Բրյուսելում ապրիլի 5-ին կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձրամակարդակ հանդիպումը։

Այնինչ, Զախարովայի խոսքով, նման միջոցառումներն անհանգստություն են առաջացնում Ռուսաստանում, որովհետև ԱՄՆ և ԵՄ ներկայացուցիրներն ուղիղ, բացահայտ տեքստով ասում են, որ իրենց հիմնական ուղղվածությունը բացառապես Ռուսաստանի դեմ է։

Նման հանդիպումները, նրա կարծիքով, անհանգստություն են առաջացնում տարածաշրջանի երկրների մեծ մասում, որովհետև ուղղված են ոչ թե խաղաղության ձեռքբերմանը Ադրբեջանի և Հայաստանի միջև, այլ Արևմուտքի հետագա ներդրմանը Հարավային Կովկասում՝ իր չափազանց ապակառուցողական մոտեցումներով, այնտեղ նոր բաժանարար գծերի ստեղծմանը, տարածաշրջանի երկրներին հակառուսական օրակարգին հետևելու պարտադրմանը, Մոսկվայի հետ նրանց բազմադարյա կապերի քայքայմանը, տարածաշրջանային անվտանգության և տնտեսական համագործակցության գործող մեխանիզմների փլուզմանը։

«Թե ինչու է պաշտոնական Երևանը ձևացնում, թե չի հասկանում ինչի մասին է խոսքը՝ մեծ հարց է։ Չէ՞ որ Հայաստանն ամբողջ աշխարհի աչքի առաջ վերածում են հավաքական Արևմուտքի չափազանց վտանգավոր պլանների իրականացման գործիքի, որոնք լիովին տարբերվում են հայ ժողովրդի արմատական շահերից»,- գրել է նա։

Ապրիլի 5-ին Բրյուսելում նախատեսված է բարձրամակարդակ հանդիպում՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի միջև։ Հայաստանի ԱԳՆ-ում հայտնել են, որ նպատակը Եվրամիության և Միացյալ Նահանգների հետ Հայաստանի փոխգործակցության խորացումն է։