Արցախից տեղահանված մեր հայրենակիցները քվոտա են ստացել մասնակցելու սամբոյի աշխարհի գավաթին. Միքայել Հայրապետյան

«Սաբոյի աշխարհի գավաթը կրելու է մշտական բնույթ և յուրաքանչյուր տարի այն անցկացնելու իրավունքը տրվել է ՀՀ-ին, հիմնվելով այն փաստի վրա, որ երկու տարի անընդմեջ՝ 2022 և 2023 թվականներին, Հայաստանը հյուրընկալել է ամբողջ աշխարհը»,-«Արմենպրեսի» մամուլի սրահում հայտնեց Սամբոյի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանը։

Նա տեղեկացրեց, որ 2023 թվականին առաջին անգամ Հայաստանում կազմակերպվել էր Սամբոյի աշխարհի մեծահասակների առաջնությունը, որը մեծ պատիվ էր ՀՀ-ի համար և Սամբոյի ֆեդերացիան բարձր մակարդակով էր կազմակերպել մրցաշարը։

«Սամբոյի միջազգային ֆեդերացիան որոշում կայացրեց, որ Սամբոյի աշխարհի գավաթի մրցումները պետք է անցկացվեն Հայաստանում, և այն պետք է կրի մշտական բնույթ»,-ասաց ֆեդերացիայի նախագահը։

Հայրապետյանը վստահություն հայտնեց, որ ընթացիկ տարում Հայաստանի սամբիստները  բավականին բարձր տեղեր կզբաղեցնեն միջազգային մրցաշարերում։
«Մեր թիմը աշխարհի գավաթին յուրաքանչյուր քաշային կարգում մասնակցելու է երկուական մարզիկով։ Նաև մենք հնարավորություն ենք ստացել, որ Արցախից տեղահանված մեր հայրենակիցները քվոտա ստանան մասնակցելու Աշխարհի գավաթին, քանի որ նրանք ունեն փախստականի կարգավիճակ։ Նման որոշում ընդունվել է Միջազգային օլիմպիական կոմիտեի կողմից»,-հայտնեց Միքայել Հայրապետյանը՝ հավելելով, որ յուրաքանչյուր մարզաձև ներկայացնող արցախցի մարզիկ իրավունք կունենա մասնակցելու միջազգային մրցաշարերին, եթե ունի փախստականի կարգավիճակ։