ԱՄՆ նախագահի օգնականի տան ուղղությամբ գոմաղբ են նետել. Fox News

Անհայտ անձը գոմաղբ է նետել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով օգնական Ջեյք Սալիվանի տան ուղղությամբ, գործին միջամտել է ոստիկանությունը։ Այս մասին տեղեկացրել է Fox News հեռուստաալիքը՝ հղում կատարելով իրավապահ մարմինների անունը չնշած ներկայացուցչին։

Միջադեպը տեղի է ունեցել մարտի 25-ին։ ԶԼՄ-ի տեղեկացմամբ՝ չարագործը, որի անձը դեռ պարզված չէ, գոմաղբ է նետել Սալիվանի տան ուղղությամբ՝ դրա կողքով անցնելով մեքենայով։ Պատահածին անմիջապես ուշադրություն են դարձրել անվտանգության գաղտնի ծառայության աշխատակիցները։ Անմիջապես միջադեպի վայր է եկել ոստիկանական ականազերծող խումբը։

Հետագայում գաղտնի ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Էնթոնի Գուլյելմին հեռուստաալիքին տեղեկացրել է, որ սակրավորները Սալիվանի տան մոտ պայթյունավտանգ առարկաներ չեն հայտնաբերել։

Ներկայում ոստիկանությունը փնտրում է կասկածյալին։