Թե ինչ է լինելու ատոմակայանի հետ՝ որոշելու է հայկական կողմը․ «Ռոսատոմ Սերվիս»-ի գլխավոր տնօրեն

Թե ինչ է լինելու ատոմակայանի հետ՝ որոշելու է հայկական կողմը:

Այս մասին ին Սոչիում անցկացվող «Ատոմէքսպո 2024» երկօրյա միջազգային ֆորումի ժամանակ,  լրագրողների հետ զրույցում հայտնեց «Ռոսատոմ Սերվիս»-ի գլխավոր տնօրեն Եվգենի Սալկովը:

«Դեպքերի զարգացման մի քանի սցենար կա, գործունեությունը կարող է կասեցվել, իսկ մյուս տարբերակով եթե հայկական կողմը որոշի շարունակել աշխատանքը, Ռուսաստանն ունեցել է նման օրինակներ, երբ ատոմային կայանների աշխատանքը երկարաձգել են մինչև 60 տարի: Հիմա այդ ատոմակայաններում աշխատանք է տարվում նոր փուլով համագործակցություն սկսելու համար»,- նշեց Սալկովը:

Լրագրողների հարցին, եթե մինչև 2036 թ․ ինչ-որ բաներ չհասցնեն, ապա անհրաժեշտ ինչ-որ ժամանակ աշխատանքները կշարունակվե՞ն, թե ոչ, Սալկովը պատասխանեց, որ անվտանգությունն առաջնահերթություն է: 2036-ից հետո երկարաձգման համար մի շարք գիտնականներ և փորձագետներ պետք է իրենց կարծիքը հայտնեն անվտանգային տեսանկյունից և ռեսուրսային առումով և անշուշտ ՀՀ-ն պետք է հենվելով նրանց դիտարկումների վրա՝ կայացնի իր որոշումը:

Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը նշեց, որ հիմա նման սցենարներ չեն քննարկվում․

«Կարծում եմ, որ ամեն ինչ կհասցնենք կառուցել ժամանակին: Իհարկե, կարող ենք ռեսուրսների առումով երկարաձգել: Նախնական տվյալներով՝ ատոմակայանի ռեսուրսները գնահատվում են մինչև 2039թ: Հիմա մենք հիմնվում ենք 2036 թ․ վրա և հաշվարկներն իրականացվում են այդպես: Հայաստանի համար ռազմավարական առումով անկախ էներգիան անհրաժեշտություն է»,- նշեց Էդուարդ Մարտիրոսյանը:

Հիշեցնենք, այսօր՝ մարտի 25-ին Սոչիի «Սիրիուս» գիտության և արվեստի պարկում մեկնարկել է «Ատոմէքսպո 2024» երկօրյա միջազգային ֆորումը։ Միջոցառումն անցկացվում է արդեն 13-րդ անգամ՝ «Ռոսատոմ» պետական կորպորացիայի աջակցությամբ: