Ճի՞շտ է արդյոք այս զգայուն պատմափուլում նման արարքը «ահաբեկչություն» ներկայացնելը

«Ահաբեկչություն» vs «զինված հարձակում»

Մարտի 24-ին Ոստիկանության Նոր Նորքի բաժնի դեմ կատարված զինված հարձակման վերաբերյալ տեղեկատվությունը տարածելիս, վերլուծելիս, գնահատելիս՝ բազմաթիվ լրատվամիջոցներ, վերլուծաբաններ, սոցցանցային օգտատերեր հարձակումը ներկայացրել են «ահաբեկչություն» եզրի ներքո։ Ըստ ԶԼՄ-ներում տարածված տեղեկատվության՝ Քննչական կոմիտեում նախաձեռնված քննությունը ևս նույն սահմանման ներքո է իրականացվում։

Մինչդեռ ճի՞շտ է արդյոք աշխարհի և Հայաստանի համար այս զգայուն պատմափուլում նման արարքը «ահաբեկչություն» եզրի ներքո ներկայացնելը, որը լուրջ իմիջային և քարոզչական հետևանքներ կարող է հասցնել մեր երկրին միաժամանակ մի քանի հարթություններում՝ զբոսաշրջայինից, մինչև անվտանգային/ռազմավարական։

Մանավանդ այն դեպքում, երբ մի շարք թշնամական երկրիների կողմից համակարգված քաղաքականություն է իրականացվում Հայաստանում ահաբեկչական անվերահսկելի սպառնալիքի առկայության ուղղությամբ՝ մեր երկրի տարածքը ներկայացնելով որպես հայկական և «միջազգային ահաբեկչական խմբավորումների» համար գործող բարենպաստ հանգրվան։

Արարքի իրավական գնահատականը թողնենք իրավաբաններին, մանավանդ, երբ տեղի ունեցած զինված հաստատումը, վստահաբար, այլ ձևակերպումների ներքո ևս կարելի է ներկայացնել։

Բայց այստեղ բանն առավելապես ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՍՔԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ մասին է, որը մեզանում լրջագույնս բացակայում է։

Տարածաշրջանային փորձագետ Արմեն Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից