Մոսկվայում ահաբեկչությանը հայերի ենթադրյալ մասնակցության մասին հայտարարությունները վրդովեցուցիչ են․ ՌԴ-ում ՀՀ դեսպանություն

ՌԴ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը խորը մտահոգություն է հայտնում «Դոժդ» հեռուստաալիքի եթերում հնչած հայտարարությունների կապակցությամբ, թե իբր հայերը ներգրավված են եղել «Կրոկուս Սիթի Հոլում» տեղի ունեցած սարսափելի ահաբեկչական գործողությանը:

«Վրդովեցուցիչ ենք համարում նման տեղեկատվության նպատակային տարածումը, որը չի համապատասխանում իրականությանը և ուղղված է Ռուսաստանում հակահայկական տրամադրությունների բորբոքմանը:

Ողբերգությունից անմիջապես հետո Հայաստանը հանդես եկավ խաղաղ քաղաքացիների դեմ իրականացված անմարդկային հանցագործությունը դատապարտող հայտարարություններով։ Երևանում մեր հայրենակիցները վաղ առավոտից հարգում են բոլոր զոհվածների հիշատակը՝ ծաղիկներ դնելով Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան մոտ:

Եվս մեկ անգամ խորին ցավակցություն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին և շուտափույթ ապաքինում մաղթում տուժածներին: Մեր բոլոր մտքերն ու աղոթքները Ռուսաստանի ժողովրդի հետ են։Կոչ ենք անում չտարածել կեղծ տեղեկատվություն և կենտրոնանալ միայն պաշտոնական աղբյուրների վրա»,- նշված է հաղորդագրության մեջ։