Բառ-բառ կրկնվում են Փաշինյանի ու Ադրբեջանի թեզերը…

Ե՛վ ադրբեջանական քարոզչադաշտի ներկայացուցիչը, և՛ ՀՀ կառավարության ղեկավարը հարցականի տակ են դնում ՀՀ-ի տարածքային ամբողջականությունը՝ նշելով, որ դա «ֆիքսված» չէ։ Այս մասին թելեգրամյան իր ալիքում գրել է Ադրբեջանի հարցերով փորձագետ Տաթևիկ Հայրապետյանը՝ արձանագրելով․

«Ադրբեջանական քարոզչադաշտի կարկառուն ներկայացուցիչ Թոֆիգ Զուլֆուգարովը նաև վրացական տեղեկատվական, ընդգծված ադրբեջանամետ հարթակներում է նշում, թե ինչպիսի պահանջների ցանկ են ներկայացրել հայկական կողմին՝ խոստովանելով, որ Ադրբեջանը ոչ միայն չի պատրաստվում դրանցից հրաժարվել, այլև ակտիվ առաջ է մղելու։

Եվ՛ ադրբեջանական քարոզչադաշտի ներկայացուցիչը, և՛ ՀՀ կառավարության ղեկավարը հարցականի տակ են դնում ՀՀ-ի տարածքային ամբողջականությունը՝ նշելով, որ դա «ֆիքսված» չէ:
Օրեր առաջ Սեյրան Օհանյանի հարցին ի պատասխան Փաշինյանը նշել էր. «…դուք ասում եք՝ վստա՞հ եք, որ Ադրբեջանը մեր տարածքներից հետ է գնալու, ես էլ ասում եմ՝ ո՞րն է մեր տարածքը, կարո՞ղ եք ցույց տալ։ Մենք ժողովրդին չենք վախեցնում, այլ ասում ենք ճշմարտությունը…Երբ ասում եք, վստահ եք, որ Ադրբեջանը դուրս է գալու մեր տարածքից, նախ այդ հարցի պատասխանը տալու ու այդ հարցը լուծելու համար, մենք պետք է ֆիքսենք, թե որն է մեր տարածքը»:

Հենց այսպես բառ բառ կրկնվում են Փաշինյանի ու Ադրբեջանի թեզերը…

Սա մեծ սուտ է, որն ինտենսիվորեն փորձում են մատուցել հայ հանրությանը: Կան հստակ սահմաններ, կան քարտեզներ, բայց Ադրբեջանի դրանցից որևէ մեկին համաձայն չէ: Ու այդ ֆոնին ՀՀ ղեկավարը ոչ միայն միակողմանի զիջման է գնում, այլ դեռ մի բան էլ ասում է, որ ՀՀ սահմանները «ֆիքսված չեն», բայց չգիտես ինչի իր համար Ադրբեջանի սահմանները շա՜՜տ «ֆիքսված են»»: