ԵՄ-ն հույս ունի մինչև հուլիսի 1-ը ռուսական ակտիվներից 1 մլրդ եվրո փոխանցել Ուկրաինային

Եվրամիությունը կկարողանա արդեն մինչև հուլիսի 1-ն Ուկրաինային փոխանցել ռուսական ակտիվների եկամտից 1 մլրդ եվրո, եթե կարողանա արագ ավարտել համապատասխան մեխանիզմի մշակումը։ Այդ մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի (ԵՀ) ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովի առաջին օրվա արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում։ Տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

«Մենք կարող ենք առաջին միլիարդն ուղարկել արդեն մինչև հուլիսի 1-ը, եթե մեզ հաջողվի արագ ավարտին հասցնել մեխանիզմի մշակումը», – ասել է նա։

Ըստ ֆոն դեր Լայենի՝ հանդիպմանը «ԵՄ ղեկավարները հավանություն են տվել Եվրահանձնաժողովի առաջարկներին»՝ ռուսական ակտիվներից ստացված շահույթն օգտագործելու Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելու համար՝ Եվրոպայի խաղաղության հիմնադրամի և ԵՄ բյուջեի միջոցով։