Պակիստանի նախագահը և կառավարությունը հրաժարվել են աշխատավարձից՝ պետական ծախսերը խնայելու համար

Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը և դաշնային կառավարության նախարարներն ինքնակամ հրաժարվել են աշխատավարձ ստանալ խնայողության կոշտ միջոցների շրջանակում, որոնք ուղղված են պետական ծախսերի կրճատմանը։ Այս մասին տեղեկացրել է Pakistan Today թերթը։

Այս շաբաթ ավելի վաղ Պակիստանի նախագահ Ասիֆ Ալի Զարդարին էր հրաժարվել աշխատավարձից և արտոնություններից՝ հայտարարելով, որ «որոշել է ազգային գանձարանը չծանրաբեռնել պետությունից կատարվող վճարներով»։

Պետական ծախսերի խնայողության միջոցներ մտցնելը Պակիստանի նոր դաշնային կառավարության առաջին քայլերից մեկն է, որը ձևավորվել է փետրվարին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո։ Այն գլխավորում է Շարիֆը։

Երկուշաբթի կառավարությունը պետական ծախսերի խնայողության նպատակով սահմանափակել է նախարարների և պետական պաշտոնյաների արտասահմանյան ուղևորությունները, ինչպես նաև արտասահմանում նրանց գտնվելու նոր կանոններ է մտցրել։ Այսուհետ դաշնային և պետական նախարարները, նրանց խորհրդականները և օգնականները պարտավոր են արտասահման մեկնել տարեկան 3 անգամից ոչ ավելի և միայն կառավարական կոմիտեի թույլտվությամբ, ինչն ապահովելու է ազգային բյուջեի խնայողությունը։ Արտասահմանյան ուղևորություններում նրանց արգելվում է մնալ հինգ աստղանի հյուրանոցներում։ Պակիստանի արտասահմանյան դեսպանություններին խորհուրդ է տրվում որքան հնարավոր է ավելի շատ ընդգրկել դիվանագետներին միջազգային համաժողովներում և միջոցառումներում, ինչը պետք է նպաստի դրանց մասնակցության համար նախարարների և պաշտոնյաների ուղևորության կրճատմանը։