Բաքուն դատապարտել է Ֆրանսիայի վարչապետի հայտարարությունները

Բաքուն կոչ է արել Փարիզին «չմիջամտել Ադրբեջանի ներքին գործերին». այս մասին ասվում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեի մեկնաբանության մեջ՝ ուղղված Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալի՝ հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ արված հայտարարություններին։

Հաջիզադեն «անընդունելի է» անվանել մարտի 20-ին Ֆրանսիայում հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի ընդունելության ժամանակ Աթալի կողմից Ադրբեջանին ուղղված մեղադրանքները։

Հաջիզադեի խոսքով՝ Աթալն իր հայտարարություններով «միակողմանի պաշտպանում է Հայաստանը»:

«Ֆրանսիայի վարչապետին, որը դատապարտել է Ադրբեջանի «հակաահաբեկչական միջոցառումները» «սեփական ինքնիշխան տարածքում» և մեր երկրին մեղադրել հայկական տարածքների օկուպացման համար, հիշեցնում ենք, որ ադրբեջանական կողմի գործողությունները «չեն հակասում» միջազգային իրավունքի նորմերն ու սկզբունքներին, ինչպես նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախկինում ընդունված բանաձևերին», – ասել է խոսնակը։

Հաջիզադեն հավելել է, որ Ֆրանսիան շարունակում է լռել «Հայաստանի կողմից ադրբեջանական 8 գյուղերի շարունակվող օկուպացման դեմ» ։