ՌԴ-ն և Ուկրաինան հայտնել են Բելգորոդի և Օդեսայի գնդակոծության մասին․ կան զոհեր և վիրավորներ

Ռուսաստանի Բելգորոդի մարզի նոր գնդակոծության հետևանքով զոհվել է մեկ մարդ, ևս երկուսը վիրավորվել են։ Այս մասին հայտնել է նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը։

«Նախնական տվյալներով՝ զոհվել է 1 խաղաղ բնակիչ։ Գնդակոծության պահին տղամարդն իր աշխատավայրում էր՝ խանութում», – գրել է Գլադկովն իր Թելեգրամ- ալիքում՝ հավելելով, որ կա նաև 2 վիրավոր։

Բելգորոդի նահանգապետը նաև հայտնել է, որ հակաօդային պաշտպանության համակարգերը խոցել են քաղաքին մոտեցող 10 օդային թիրախ։

Իր հերթին ՌԴ պաշտպանության նախարարությունը հաղորդել է, որ Մոսկվայի ժամանակով ժամը 13։00-ի սահմաններում Բելգորոդի վրա «ահաբեկչական հարձակման» փորձ է կատարվել RM-70 «Վամպիր» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերով․ ՀՕՊ համակարգերը խոցել են 10 հրթիռ։

Օդեսայի իշխանություններն էլ հայտնել են, որ ռուսական ուժերի հրթիռային հարվածի հետևանքով զոհվել է 2 մարդ՝ 1 բուժակ և Արտակարգ իրավիճակների պետական ​​ծառայության 1 աշխատակից, որոնք առաջին պայթյունից հետո եկել են օգնություն ցուցաբերելու։ Ծանր վնասվածքներ են ստացել նաև այլ փրկարարներ և բժիշկներ։ BBC-ի ռուսական ծառայությունը հաղորդում է, որ ըստ նախնական տվյալների՝ բնակելի թաղամասում հրթիռների հարվածի հետևանքով առնվազն 35 մարդ է վիրավորվել։