Բաքվում Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի արտգործնախարարների հանդիպման արդյունքներով հռչակագիր է ստորագրվել

Բաքվում Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի արտգործնախարարների հանդիպման արդյունքներով հռչակագիր է ստորագրվել։ Այս մասին, ըստ լրատվամիջոցների, հանդիպումից հետո հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։

Ադրբեջան-Թուրքիա-Վրաստան համագործակցության ձևաչափը նպաստում է տարածաշրջանային և գլոբալ կայունությանը, նշել է Բայրամովը։

Նա ընդգծել է, որ վերջին տարիներին միջազգային ասպարեզում տեղի ունեցող իրադարձությունները մեծացնում են երկրների միջև եռակողմ ձևաչափով համագործակցության կարևորությունը։

«Վերջին եռակողմ հանդիպումից հետո շատ բան է փոխվել ինչպես գլոբալ, այնպես էլ տարածաշրջանային առումով»,- ասել է Բայրամովը։

Նրա խոսքով՝ Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա օրակարգը բազմաբնույթ է և օրինակելի։ «Երեք երկրների հարաբերություններն ունեն քաղաքական երկխոսության շատ բարձր մակարդակ։ Օրենսդիր մարմինների, պետական ​​կառույցների և այլ հարցերի միջև համագործակցությունը նպաստում է քաղաքական երկխոսությանը: Այսօր կրկին քննարկվել են երկրների միջև տարածաշրջանային համագործակցության հարցեր։ Այսօր ստորագրված Բաքվի հռչակագիրը կնպաստի քաղաքական երկխոսությանը և հարաբերությունների հետագա ամրապնդմանը»,- ասել է նախարարը։