ՀԱՊԿ-ը ՀՀ-ի անդամակցությունը կասեցնելու մասին պաշտոնական հայտարարություններ չի ստացել․ Տասմագամբետով

Երևանը վերջին շրջանում չի մասնակցում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) քարտուղարության աշխատանքներին, սակայն կազմակերպությանը Հայաստանի անդամակցությունը կասեցնելու մասին պաշտոնական հայտարարություններ չեն եղել։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը։

«Երևանը, իսկապես, վերջերս չի մասնակցում ՀԱՊԿ քարտուղարության աշխատանքներին, սա Հայաստանի որոշումն է այս փուլում, և մենք՝ որպես միջազգային կազմակերպություն, հարգում ենք ինքնիշխան պետության ցանկացած որոշում։ Այնուամենայնիվ, կազմակերպության գործունեությունը շարունակվում է ամբողջ ծավալով, բոլոր ընթացակարգերը պահպանվում են ՀԱՊԿ կանոնակարգային դաշտին համապատասխան»,- ասել է  կազմակերպության գլխավոր քարտուղարը։

Նա նշել է, որ ընդունված և ընդունվող որոշումների մասին քարտուղարությունը պարբերաբար տեղեկացնում է Երևանի համապատասխան կառույցներին։

«Հայաստանի Հանրապետության պաշտոնատար անձանց նշված հայտարարությունների առնչությամբ նշում եմ, որ Երևանից քարտուղարությունը կազմակերպությանն անդամակցությունը կասեցնելու վերաբերյալ պաշտոնական հայտարարություններ չի ստացել»,- ասել է Իմանգալի Տասմագամբետովը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը France 24 հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել էր, որ Երևանը սառեցրել է մասնակցությունը ՀԱՊԿին՝ նշելով, որ կազմակերպությունը չի կատարել Հայաստանի նկատմամբ ստանձնած պարտավորությունները Ադրբեջանի հետ սահմանին 2021-ին սրման ժամանակ։