Փարիզի ակտիվությունը Հարավային Կովկասում Աֆրիկայում ֆրանսիական քաղաքականության ձախողման փոխհատուցումն է

Ֆրանսիան իր աֆրիկյան քաղաքականության ձախողումից հետո փորձում է Լեռնային Ղարաբաղում խաղաղարարի կերպար ստեղծել, թեև այնտեղ խաղաղապահ դեր կատարել է Ռուսաստանը, ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Ռոսիա 1» հեռուստաալիքի «Կիրակնօրյա երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդման ժամանակ Զախարովան ասել է, որ իր կարծիքով, Հարավային Կովկասում Փարիզի ակտիվության աճը «մի տեսակ փոխհատուցում է Աֆրիկայում ֆրանսիական քաղաքականության ձախողման»։

Ռուս դիվանագետի տեսանկյունից՝ Կովկասում Ֆրանսիայի փորձերը ներառում են խաղաղապահ ջանքեր։

«Մենք հասկանում ենք, որ դա կապ չունի խաղաղապահության հետ, մեր երկիրն էր, որ ստանձնեց և կատարեց ամբողջ խաղաղապահ դերը, նույնիսկ ԼՂ կարգավորման համատեքստում որպես միջնորդ: Այժմ, երբ ավարտվել է ամենադժվար փուլը, հուսով ենք, որ Ֆրանսիան, որպես ՆԱՏՕ-ի անդամ, նորից չի սկսի կրակը փորփրել»,- ասել է Զախարովան։

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի վերջին պաշտոնական այցով մեկնել էր Ֆրանսիա։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Հայաստանի վարչապետի հետ համատեղ ճեպազրույցում ասել է, որ Փարիզն աջակցում է Հարավային Կովկասում արդար և կայուն խաղաղության հաստատման ջանքերին։