Ադրբեջանի և Թուրքիայի դիրքորոշումները նույնական են, ինչը սովորաբար միջնորդության միջավայր չի ձևավորում. Արարատ Միրզոյան

Անթալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցության շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել թուրքական «TRT World» հեռուստաալիքին։ Անդրադարձ է կատարվել ՀՀ արտաքին քաղաքական մի շարք հարցերի, այդ թվում՝ ԱՄՆ, ԵՄ հետ հարաբերություններին, Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակին, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին, Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացում առկա առանցքային հարցերին։

Հարց. Թուրքիայի հետ քննարկե՞լ եք Ադրբեջանի հետ հարաբերությունները։ Թուրքիան երբևէ փորձե՞լ է միջնորդել կամ առնվազն կողմերին միավորել որոշ հարցերի շուրջ։

Պատասխան. Այո, մենք տեսել ենք նման մի քանի փորձեր։ Ամենայն հարգանքով հանդերձ, մեր արձագանքը եղել է այն, որ միջնորդության ջանքերի համար, և սա չի վերաբերում միայն Թուրքիային, այլև մյուս բոլոր դերակատարներին, մենք պետք է տեսնենք, որ հնարավոր միջնորդի դիրքորոշումներն ու մտադրությունները լիովին հավասարակշռված են, լիովին չեզոք։ Մենք կարող ենք ասել, առնվազն ընկալումն այդպիսին է, որ Ադրբեջանի և Թուրքիայի դիրքորոշումները նույնական են, ինչը սովորաբար միջնորդության միջավայր չի ձևավորում։ Այդուհանդերձ, մենք ներկայացրել ենք մեր ընկալումները, և ծավալվում է կառուցողական քննարկում նաև այս հարցում։