Կանայք մշտապես ներշնչման աղբյուր են եղել ստեղծագործողների համար

Կանանց միջազգային տոնի առիթով Հայաստանի Ազգային պատկերասրահը տեսանյութ է տեղադրել իր էջում՝ ներկայացնելով հայ կանանց պատկերող մի քանի ստեղծագործություններ։

«Կանայք մշտապես ներշնչման աղբյուր են եղել ստեղծագործողների համար։ Արվեստի պատմության մեջ առանձնահատուկ տեղ ունեն հայտնի և անհայտ կանանց կերպարները: Նրանց դերակատարումն ու կյանքի պատմությունները չեն դադարում ոգեշնչել արվեստագետներին, որոնց ստեղծած դիմանկարներն այսօր զարդարում են աշխարհի խոշորագույն թանգարաններն ու մասնավոր հավաքածուները։

Հայաստանի ազգային պատկերասրահի հավաքածուում կանանց դիմանկարներից յուրաքանչյուրը պատմում է պատկերված կնոջ կյանքի, նրա գեղեցկության, այն ներդաշնակության ընկալումների մասին, որոնք բնորոշ են տվյալ ժամանակաշրջանում ապրող կանանց և նկարիչներին։

Գարնանային վառ տրամադրությամբ, թարմ գունամտածողությամբ, լուսաօդային միջավայրի ինքնատիպ մեկնաբանմամբ «Հայկական իմպրեսիոնիզմ» ցուցահանդեսում ներկայացված 70-ից ավելի գեղանկարչական և գրաֆիկական աշխատանքների թվում իրենց առանձնահատուկ տեղն ունեն կանանց պատկերող անզուգական ստեղծագործությունները…»,- նշված է Ազգային պատկերասրահի էջում։