Ջրի պակասը կարող է հակամարտություն հրահրել եվրոպական երկրների միջև. հայտնի է դարձել ԵՀ գաղտնի փաստաթղթի մասին

Ապագայում ջրի պակասը կարող է հակամարտություն հրահրել եվրոպական երկրների միջև, ասվում է Եվրահանձնաժողովի գաղտնի փաստաթղթում, որից մեջբերում է արել Politico-ն:

«Այդ ռիսկերը կարող են լինել տարբեր ձևերով, որոնցից մի քանիսը ներառում են ջրային ռեսուրսների համար մրցակցության աճը, ներառյալ՝ անդամ պետությունների ներսում և միջև կոնֆլիկտի հավանականություն»,-ասվում է հրապարակման մեջ:

Լրատվական գործակալությունը հայտնում է, որ Եվրահանձնաժողովը ցանկանում է ԵՄ երկրներին հորդորել արագացնել կլիմայի փոփոխության դեմ պայքարի նախապատրաստական աշխատանքները։

Գիտնականները Եվրոպայում սաստիկ երաշտներ են դիտում մոտավորապես 2000-ականներից: 2015-ից 2019 թվականներին ծայրահեղ շոգն ազդել է տարածքի կեսից ավելի վրա։ 2023 թվականի ամռանը տարածաշրջանի հարավում ջերմաստիճանը հասել է 46 աստիճանի, ինչը հոսանքազրկման պատճառ է դարձել։ Վերջին 40 տարիների ընթացքում Եվրոպայում ամառային միջին ջերմաստիճանը բարձրացել է երկու աստիճանով, ինչը շատ ավելի արագ է, քան մոլորակի այլ մասերում:

Հունվարի վերջին բնական պաշարների նախարարության ղեկավար Ալեքսանդր Կոզլովն ասել է, որ ռուսական «Վոստոկ» բևեռային կայանում ձեռք բերված տվյալների համաձայն՝ մոլորակը միջսառցադաշտային ժամանակաշրջանում է, տաք կլիման կպահպանվի ևս 10 հազար տարի։